Քաղաքացին բողոք է ներկայացրել սպառնալիքի տակ. «Գլխիդ կսարքենք»
Երեւանաբնակ Արման Երիցյանը տարիներ շարունակ չի կարողանում ազատվել դատական քաշքշուկից: Նրա գործը արդեն երկրորդ շրջապտույտն է կատարում ՀՀ եռաստիճան դատաիրավական համակարգով, իսկ Արմանի տարեց հայրը՝ ազատամարտիկ Լևոն Երիցյանը, արդարության որոնումներով թակում է ամենատարբեր պետական կառույցների ու ԶԼՄ-ների դռները՝ հայտարարելով՝ որդին անմեղ է։ Դեպքը տեղի է ունեցել հինգ տարի առաջ։ 2012թ. նոյեմբերին 28-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում Արման Երիցյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Նրան մեղադրում են «Մալաթիա» սննդամթերքի շուկայում լոլիկ վաճառող Սամվել Մեջլումյանի վրա հարձակվելու ու սառը զենքի գործադրման սպառնալիքով նրանից գումար հափշտակելու մեջ: Ըստ գործի նյութերի՝ այդ օրը Սամվելը Արմանից գազի բալոն էր գնել, գումարի մի մասը մի քանի ժամ հետո վճարելու պայմանով, որից հետո նրանք հանդիպել են մոտակա սննդի տաղավարում և ևս մեկ անձի՝ Արսենի հետ օղի խմել: Ընթացքում Սամվելն ու Արմանը վիճել են: Վիճաբանությունը տեղափոխվել է այլ վայր, որտեղ Արմանը դանակ է պահել Սամվելի վրա, պատռել վերջինիս պիջակն ու տաբատը ու գրպանից հանել 80 հազ. դրամ: Նույն օրը Արմանը բերման է ենթարկվել Մալաթիայի ոստիկանություն, ապա դեկտեմբերի 15-ին տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ նա արգելանքի տակ էր մնացել մեկ ու կես տարի: Դատաքննության ընթացքում տուժողը հակասական ցուցմունքներ է տվել, ասել է, որ Արմանն իրենից միայն գազի բալոնի գումարն է պահանջել, և նա դանակ չի տեսել: Վկաներն էլ հայտնել են, որ Սամվելը մտել է տաղավար արդեն վնասված դեմքով: Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. մայիսին Արման Երիցյանին արդարացրել է: Սակայն գործով մեղադրող՝ Երևանի կայազորի զինվորական դատախազ Հովսեփ Սարգսյանը դատական ակտի կայացումից 50 օր անց վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ միաժամանակ միջնորդելով բաց թողնված ժամկետը հարգելի համարել: Վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. գործը նորից ուղարկվել է առաջին ատյան, որտեղ կայացվել է մեղադրական դատավճիռ, դրանից հետո պաշտպանական կողմը վճռաբեկ բողոք է ներկայացրել, իսկ այժմ գործը կրկին վերաքննիչ փուլում է: «Ա1+»-ի հետ զրույցում տուժող Սամվել Մեջլումյանը հայտնեց, որ Մալաթիայի ոստիկանության բաժանմունքի ավագ քննիչ Սուրեն Նավոյանը իրեն կանչել է բաժին և ասել, որ պիտի բողոքի Արման Երիցյանի դեմ ասի, որ դանակ է քաշել, հակառակ դեպքում. «Քո գլխին կսարքենք, դու կնստես»: Նույն բանը իրեն Վերաքննիչ դատարանում ասել է դատավոր Արարատ Պետրոսյանը և դատախազ Հովսեփ Սարգսյանը, իսկ գործով իրեղեն ապացույց հանդիսացող տաբատն ու պիջակը իրեն տվել է Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի քարտուղարուհին, ասելով՝ տանի տուն, մյուս օրը բերի դատարան ու ասի, որ դրանք իրենն են: «Ես մոտ վեց անգամ դիմում եմ գրել, որ Արմանն անմեղ է, որ իմ գլխին սարքել են: Ես հավատացյալ եմ՝ «Եհովայի վկա», իմ խիղճը ինձ տանջում է, ես չեմ ուզում, որ այս անմեղ տղան դատվի»,- ասաց Սամվել Մեջլումյանը: Վերաքննիչ քրեական դատարանում՝ վերջին դատական նիստի ժամանակ Արման Երիցյանի պաշտպանը՝ փաստաբան Ալիխանյանը, բացարկ հայտնեց մեղադրողին՝ դատախազ Հակոբ Ենոքյանին, քանի որ, ըստ նրա, դատախազը անձնական կոնֆլիկտ ունի ամբաստանյալի և նրա ընտանիքի անդամների հետ։ Արմանը տեղից հայտարարեց, որ մեղադրյալը սպառնացել է. «Խելոք մնա, թե չէ քեզ կկորցնեմ», իսկ Արմենի մայրը՝ տիկին Դոնարան զայրացած հայտնեց, որ դատախազ Ենոքյանը իրեն անպատվել է՝ անվանելով «անասուն»: Դատախազ Ենոքյանը հերքեց իր հասցեին հնչեցրած մեղադրանքները: Դատարանը մերժեց հանրային պաշտպանի հայտնած բացարկը: Այնուհետև պաշտպանական կողմը դատական նիստի հետաձգման վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց: Երբ դատավորը տուժող Սամվել Մեջլումյանին հարցրեց, թե նա արդյոք չի առարկում դատի հետաձգմանը, վերջինս հայտարարեց. «Արմանը անմեղ է, այս ամենը սարքած գործ է»: Ենոքյանը նրան կտրուկ ընդհատեց՝ ասելով. «Ուրիշ բան ա հարցնում»: Հանրային պաշտպանի միջնորդությունը բավարարվեց, և դատաքննություն նշանակվեց 2017թ. ապրիլի 27-ին ժամը 14.00-ին։ Դատախազ Ենոքյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ տուժողի հայտարարության վերաբերյալ, ասելով. «Գրե՛ք առանց իմ մեկնաբանության, հարգելի՛ լրագրող»: