Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական գործիչները պետք է հեռու մնան երաժշտությունից. Պինկաս Ցուկերման

Մշակույթ
cukerman

«Երևանյան Հեռանկարներ» միջազգային փառատոնի 18-րդ շրջանի բացման համերգը կկայանա վաղը։ «Արամ Խաչատրյան»  համերգասրահում ելույթ կունենա երաժշտական աշխարհի իրական լեգենդ, աշխարհահռչակ ջութակահար, Գրեմմի կրկնակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը։ Սա նրա չորրորդ այցն է Հայաստան։ Առաջինը՝ 2009-ին էր, «Ցուկերման Չեմբր Փլեյս» կամերային նվագախմբով։ Մեկ տարի անց հանդես եկավ որպես մենակատար։ Հաջորդ ելույթը  2013-ին էր՝ «Կամերատա զալցբուրգ» կամերային նվագախմբի հետ։ Այս անգամ նա հանդես կգա իր կնոջ՝ թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայտի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ «Իրականում ուրախ եմ, որ կրկին այստեղ եմ։ Մեծ սիրով եմ գալիս։ Եթե չսիրեի, համոզված եղեք, չէի գա։ Ուրախ եմ նաև, որ կրկին «Երևանյան հեռանկարների» հրավերով եմ այստեղ։ Փառատոնը աշխարհում մեծ անուն ունի։ Ի դեպ, սա թվով 18-րդ է, իսկ եբրայերեն 18-ը՝ կյանք է նշանակում։ Այնպես որ ձեր փառատոնին  սպասվում են նոր զարգացումներ և հիանալի ապագա»,- ասաց նա։ Ցուկերմանը չորս տարի ուսանել է Ջուլիարդի դպրոցում՝ անվանի ուսուցիչ Իվան Գալամյանի մոտ։ Ջութակահարի խոսքով  Գալամյանը անցյալ դարի մեծագույն ուսուցիչներից էր, որ ստեղծեց հրաշալի ջութակահարների փառահեղ սերունդ, և որի դպրոցի սկզբունքները շարունակում են նրա աշակերտները.«Ամենաբարդ բաները կարողանում էր շատ պարզ բացատրել, մատուցել»։  «Յուրաքանչյուր ցավի դեպքում մարդիկ անդրադառնում են երաժշտությանն ու կրոնին»,- ասաց Պինկաս Ցուկերմանը, որը  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը հիշատակող «Քեզ համար Հայաստան» համերգին նվագել էր իր իսկ կողմից ղեկավարվող Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ «Տեսեք ինչ մեծագույն երաժիշտներ համախմբվեցին ցեղասպանության դեմ գաղափարի շուրջ։ Իսկ քաղաքական գործիչները պետք է հեռու մնան երաժշտությունից և չփորձեն թելադրել երաժիշտներին ինչ անել».- ընդգծեց նա։