Սարիթաղցիները հացադուլի և նստացույցի են դիմում
Սարի թաղի դեպքերով կալանավորվածների հարազատները երկուշաբթի օրվանից պատրաստվում են նստացույց սկսել ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց դեպքերից հետո կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը: Նրա ամուսինը՝ Էդուարդ Զեյթունյանը, երեկվանից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով վերանայել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը: Էդուարդ Զեյթունյանը եւ կալանավորված մյուս 9 սարիթաղցիները մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով: Նրանք հերթով պատրաստվում են անժամկետ հացադուլ սկսել: Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։ Գործը դատաքննության փուլում է: Այն քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Գործով տուժող է ճանաչվել 7 ոստիկան: 22 վկաներից 17-ը՝ ոստիկան են: Գործով դատական նիստը հետաձգվել է մինչեւ ապրիլի 13-ը: