Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 9 օր առաջ. Միասնության ու ՀՅԴ-ի հարաբերություններին կմիջամտի Քոչարյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
fZWQ2E9lhJw

1995-ի քարոզարշավին ընդդիմադիր Աշոտ Մանուչարյանն Ազատության հրապարակում առաջարկում է, որ ընտրությունները Հայաստանում անցկացվեն ամեն տարի, քանի դեռ ընդդիմությունը չի հաղթել: Նույն օրերին «Ղարաբաղ» կոմիտեն եւ ՀՀՇ-ն համատեղ ընդունում են մի հայտարարություն, որտեղ նշում են, որ «խորհրդարանում չպետք է տեղ գտնեն անցյալի գործունեությամբ սնանկության մատնված իշխանության ներկայացուցիչները` կուսակցական, պետական բարձրաստիճան պաշտոնյաները, բյուրոկրատները, կաշառակերները և ծառայամիտ մտավորականները»: 1999-ի ընտրություններից 9 օր առաջ ԱԺՄ-ն փորձում է հասկանալ, թե իրենցից բացի, ովքեր են խորհրդարանում հավակնում իշխանության: ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանն ասում է, որ դարձյալ նախկին թալանչիները եւ նրանց այսօր սատարողները: Ընտրություններին մասնակցում է նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը: Պարոն Բագրատյանը դժգոհում է, որ իր նախընտրական արշավին կոպիտ միջամտողներ կան: Չնայած դրան, ընդդիմադիր գործիչը կանխատեսում է, որ ընդդիմությունն ընտրություններին եղանակ չի ստեղծի: 1999-ի ընտրություններին մեծամասնականով առաջադրվողներից է Գագիկ Բեգլարյանը: Այս օրը նա քարոզարշավն իրականացնում է իր թաղում, նրան ժպտացողները շատ են: Մարդն ասում է՝ եթե նույնիսկ չընտրվեմ, կլինեմ իմ թաղեցիների կողքին: Նախկին քաղաքական էլիտան խորհրդարանի նախկին ղեկավար Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ հիմնադրում է «Արմատ» կենտրոնը: Արարքցյանն ասում է, որ հանրահավաքների միջոցով իրենք ժողովրդին կոչ են անելու չմասնակցել ընտրություններին: Ընտրություններից 9 օր առաջ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում հրկիզվում է պատգամավորի թեկնածու Վաչիկ Ադիլխանյանի նախընտրական շտաբը: Կոտրել էին նրա շտաբի ապակին, որտեղից ներս էին գցել բենզինով լի ապակյա տարա, որը վառել են «Զիպպո» կրակայրիչով: Թեկնածուն ոչ մեկին չի մեղադրում դրա համար: «Միասնություն» դաշինքի եւ Դաշնակցության ջրերը 1999-ի քարոզարշավի օրերին մեկ առվով չեն հոսում: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դա նկատել է: Ինչ վերաբերում է Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ղեկավարած «Միասնության» հաղթանակից հետո իր հնարավոր հրաժարականին, Քոչարյանը դա անլուրջ է համարում: «Վստահեք կնոջը»,-խորհուրդ են տալիս ԱԺՄ անդամները: ԱԺՄ այցեքարտ համարվող Արշակ Սադոյանը սեփական քարոզարշավն անցկացնելու փոխարեն կուսակիցների կողքին է եւ հիշեցնում է, որ գործող խորհրդարանում արդեն մի քանի կին պատգամավոր կա, որոնց գործունեությունը ԱԺՄ այցեքարտի սրտով չէ: 2003-ին «Արդարություն» դաշինքի նախընտրական հանդիպումն ընթանում է հորդառատ անձրեւի տակ: Վազգեն Սարգսյանի եղբայրը խոստանում է, որ խորհրդարան անցնելու դեպքում դաշինքը զբաղվելու է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունն սկսելու գործընթացով: «Չորս խոսափողերից էլ խոսելու եմ»,-ասում է Արամ Սարգսյանը: 2007-ի մայիսի 3-ին լրանում է Սոչիի ավիավթարի մեկ տարին: Քարոզարշավի մասնակից ԱԼՄ հոլդինգի ղեկավարը Վանաձորում զոհերի հիշատակին բացում է իր միջոցներով քանդակած հուշարձանը: Երեւանի Ազատության հրապարակում ընդդիմադիր «Իմպիչմենտ» դաշինքը հրավիրում է իր ամենամարդաշատ հանրահավաքներից մեկը: «Մենք այսօր 30 հազար ենք, վաղը լինելու ենք 100 հազար, մյուս օրը 300 հազար»,-ասում է Նիկոլ Փաշինյանը «Սերժ Սարգսյանին պետք է դատել նախընտրական խոստումները չկատարելու համար»,-2012-ին Սյունիքի մարզում իրականացվող քարոզարշավի ժամանակ հայտարարում է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, վերջին չորս տարվա համար ինքը միայն մի բան չի խոստացել, սակայն կատարել է: Թեղուտի անտառների ոչնչացման դեմ պայքարողները Վանաձորում բողոքի գործողություններով են դիմավորում քարոզարշավի ժամանած Սերժ Սարգսյանին: Երիտասարդ բնապահպանները հսկա պաստառով մտնում են Սարգսյանի համար հավաքված ժողովրդի մեջ, նրանց փորձում են բացատրել, որ խանգարել պետք չէ: 4 ընդդիմադիր ուժերի միասնական շտաբը կդիմի Սահմանադրական դատարան, որպեսզի ընտրություններից հետո հրապարակեն ընտրություններին մասնակցածների ցուցակները: Մինչ այդ նրանք ներկայացնում են ցուցակներում իրենց բացահայտած սխալները: 2003 Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարում է, որ ինչքան էլ կուսակցությունը շատ տեղ վերցնի խորհրդարանում, Դաշնակցության իրական կշռի համար քիչ է: 2003-ի այս օրերին պարոն Մարգարյանը պնդում է, որ պետությունը պետք է կառավարվի քաղաքական ուժերով եւ ոչ թե անհատներով: