Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բաբայանի ձերբակալությունը չեն մեկնաբանում

Քաղաքականություն
hhh

«Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Գևորգ Պետրոսյանը չի ցանկանում մեկնաբանել ՊԲ նախկին հրամանատար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր Սամվել Բաբայանի ձերբակալությունը. «Նախնական կարծիք չունեմ: Որպես իրավաբան ճիշտ չեմ համարում մեկնաբանել»: «Ազատ դեմոկրատներ»-ից առաջադրված Ստյոպա Սաֆարյանն էլ նշեց՝ շատ բան չի կարող ասել, որովհետև ոչ փաստաբանը, ոչ էլ ինքը՝ Սամվել Բաբայանը, որևէ առանձնակի հայտարարությամբ հանդես չեն եկել. «Ոչ կարող եմ հիմք ընդունել իր հերքումը, ոչ էլ կարող եմ չհավատալ տարածված տեղեկատվությանը, ուղղակի վերջին տարիներին ինձ զարմացնում է, որ քարոզարշավն ուղեկցվում է նման ձերբակալություններով: Եթե ուզում ենք, որ ընդունեն նման հաղորդագրությունները որպես արժանահավատ, դրանք պիտի արվեն լուրջ մակարդակով, ոչ միայն ես, այլև հանրության մեջ շատ շատերը հակված չեն հավատալու դրան»:  «Ելքի» պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ քանի դեռ հստակ տեղեկատվություն չկա, չի ուզում քաղաքականացնել այս ձերբակալության փաստը. «Քիչ բան է հայտնի, կարող է պարզվի, որ իրոք ճիշտ է եղել, կարող է պարզվել, որ քաղաքական պատվեր է»: Անցնելով նախընտրական թեմաներին՝ քաղաքական գործիչները նշեցին, թե ինչու մարդիկ պետք է հենց իրենց ձայն տան. «Ծառուկյանն ինքն ունի հստակ ծրագիր ու տեսլական, նա վայելում է հանրության վստահությունը, նախընտրական հանդիպումները վկայում են, որ մարդիկ հույսը կապում են մեր ծրագրերի հետ,  խորին համոզմունք ունեմ, որ մեծամասնություն ենք կազմելու»,- վստահ է «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Գևորգ Պետրոսյանը: Նա հավելում է, որ  իշխանությունների խոստացած արդար, թափանցիկ ու կոռեկտ ընտրապայքարն իրականություն չդարձավ. «Սկզբում ասում էին, որ թափանցիկ ու կոռեկտ ընտրապայքարի մեջ ենք, բայց տեսանք, որ ոչ մի երաշխիք չկա, որ ընտրությունները չեն ավարտվի գնդակահարությամբ, ոմանք իսկապես անցել են սահմանները, ԿԸՀ-ն անընդհատ տարբերակված մոտեցում է ցուցաբերում ընտրական պրոցեսի մասնակիցների նկատմամբ»: Գեւորգ Պետրոսյանը չի ընդունում այն մոտեցումը, թե Ծառուկյան դաշինքը  ընդդիմադիր չէ. «Այն որ Ծառուկյան դաշինքն ընդդիմադիր է, ավելի մեծ, զորեղ փաստեր են ապացուցում: Մենք այս պահին որևէ կոալիցիա կազմելու նպատակ չունենք: Երբ կլինենք քաղաքական մեծամասնություն, մենք կլսենք, կընդունենք առաջարկներ, կամ չենք ընդունի»: