Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոռու մարզում կա մոտ 3000 աշխատատեղ ստեղծելու հնարավորություն. վարչապետ

Պաշտոնական
karav

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով Լոռու մարզ այցելությանը՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ այնտեղ  բազմաթիվ հնարավորություններ կան  նոր աշխատատեղեր ստեղծելու, հատկապես կանանց զբաղվածության խնդիրն ապահովելու համար: Կարեն Կարապետյանը հայտնել է, որ այդ հարցի վերաբերյալ հանձնարարական է տվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին: Վարչապետը նշել է, որ Լոռու մարզում առկա է տեքստիլ արդյունաբերության զարգացման ներուժ, ինչի համար  կառավարությունը պետք է աջակցի: «Իրականում այնտեղ կա մոտ 3000 աշխատատեղ ստեղծելու հնարավորություն: Մարզում տղամարդիկ քիչ թե շատ զբաղված են, սակայն առկա է  կանանց զբաղվածության  խնդիր»,-ընդգծել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել  Սևանա լճի և հարակից տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ Անդրադառնալով Սևանա լճի և հարակից տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Սևանա լիճը և հարակից տարածքները ունեն ոչ միայն բնապահպանական և սոցիալական առանցքային նշանակություն, այլ նաև լուրջ տնտեսական ներուժ՝ հատկապես զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Այսօր այդ տարածքները ոչ միշտ են արդյունավետ օգտագործվում»: Հաշվի առնելով գործող օրենսդրությամբ Սևանա լճի  և հարակից տարածքներին տրված հատուկ կարգավիճակն ու կայուն զարգացման անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և գործադիր բոլոր շահագրգիռ մարմինների ղեկավարներին 2-ամսյա ժամկետում մեկ անգամ ևս քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագիծը` շեշտադրելով տնտեսական բաղադրիչը և Սևանա լճի բնապահպանական բացառիկ դերն ու նշանակությունը։   Ֆինանսների և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել «Սևան» ազգային պարկի տարածքում տնտեսական գործունեության իրականացման հատուկ կարգավիճակի վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում նախատեսելով գույքահարկով հարկման մեխանիզմների և հարկային քաղաքականության վերաբերյալ ճկուն մոտեցում: Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարել է 1-ամսյա ժամկետում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել  «Սևան» ազգային պարկի տարածքում զբոսաշրջային զարգացմանն ուղղված հատուկ ծրագիր և գործողությունների պլան։ ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է 2-ամսյա ժամկետում մշակել և ներկայացնել Սևանա լճում ձկնային ռեսուրսների վերականգնման և կայուն օգտագործման գծով գործողությունների պլան՝ հստակ ժամանակացույցով և չափելի ցուցանիշներով, ինչպես նաև ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ «Սևան» ազգային պարկի հիման վրա կենսոլորտային արգելոցի ստեղծման հիմքերի վերաբերյալ:  ՀՀ Գեղարքունիքի մարզպետին վարչապետը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեին տրամադրել ներդրումային ծրագրերի իրականացման համար նպատակահարմար գոտիներում փաստացի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահն էլ 2-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնի առաջարկություններ «Սևան» ազգային պարկի կենտրոնական գոտում ներդրումային ծրագրերի իրականացման համար նպատակահարմար գոտիների առանձնացման վերաբերյալ՝ հիմք ընդունելով Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների գոտիավորման նախագիծը:  «Նախ գույքագրելու ենք Սևանա լճի ամբողջ տարածքը: Կան բազմաթիվ ակտիվներ, որոնք չեն աշխատում և հատուկ հարկային դաշտ  ենք ստեղծելու, որտեղ մենք պրոգրեսիվ հարկերով դրդելու ենք ակտիվ ունեցող մարդկանց  գործ անել:  Շատ խիստ պետք է կարգավորենք  վարձակալության տրված  տարածքների հետ կապված հարցը, քանի որ  դրանք յուրաքանչյուր մարդ իր քմահաճույքով  կամ ճաշակով  ցանկապատում է: Նորմալ պայմաններ է պետք ստեղծել ներդրումների համար»,-ընդգծել է վարչապետը և հանձնարարել  ՀՀ բնապահպանության նախարարին գնահատել «Սևան» ազգային պարկի տնօրինության աշխատանքի արդյունավետությունը: «Մենք կայացած համատիրություններ չունենք». վարչապետ. առաջարկություններ կներկայացվեն բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ Բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Ներկայումս հանրապետության  շենքերի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի   շուրջ 67 տոկոսը կառավարվում է համապատասխան համատիրությունների կողմից, իսկ 33 տոկոսի մասով դրանք վերապահված են համայնքի ղեկավարներին: Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների և համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի հետազոտությունների արդյունքում վերհանվել են մի շարք խնդիրներ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի վերաբերյալ: Հիմնական խնդիրը կայանում է համապատասխան շենքերի համատիրությունների կողմից ոչ արդյունավետ կառավարման կամ առհասարակ դրա բացակայույթան մեջ, ինչը հանգեցնում է շենքային պայմանների, մասնավորապես շենքերի տանիքների ոչ բարվոք վիճակի վերաբերյալ մեր համաքաղաքացիների հիմնավոր բազմաթիվ բողոքների առկայությանը: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է ինչպես գործնականում առկա ոչ արդյունավետ կառավարմամբ, այնպես էլ օրենսդրական թերի կարգավորումներով»: Վարչապետը հանձնարարել է ՀՀ մարզպետերին՝ համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն բազմաբնակարան շենքերի թվի, դրանց կառավարման ձևի (համատիրություն, լիազորագրային կառավարիչ, հավատարմագրային կառավարիչ, համայնք), ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի (տանիք, նկուղ, մուտքեր, աստիճանավանդակներ և այլն) փաստացի վիճակի վերաբերյալ։  ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է առաջին կետով նախատեսված տեղեկատվության արդյունքներով 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև սեփականատեր-համայնք-պետություն (հնարավորության դեպքում՝ նաև ներդրող) համագործակցության շրջանակներում դրանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի վերանորոգման  և անվտանգ  շահագործման մասով: Կարեն Կարապետյանը  հանձնարարել է  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու ՀՀ արդարադատության նախարարներին, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Երևանի քաղաքապետին 2-րդ կետով նախատեսված առաջարկությունները ստանալուն պես 2-ամսյա ժամկետում՝ համատեղ քննարկելով հանրապետության բազմաբնակարան  շենքերի կառավարման ոլորտում առկա խնդիրների լուծման տարբերակները, ներկայացնել համապատասխան առաջարկություն կառավարության աշխատակազմ։ Հանձնարարվել է նաև միաժամանակ քննարկման առարկա դարձնել համատիրություններին անհրաժեշտ օժանդակության տրամադրման և միասնական հաշվետվողականության, պատասխանատվության և վերահսկողական համակարգի ներդրման հարցերը: «Մենք կայացած համատիրություններ չունենք և պետք է այնպես անենք, որ դրանք աշխատեն: Պետք է շատ համարձակ ռեֆորմների գնալ այստեղ: Համատիրությունը կոլեկտիվ մի մարմին է, որտեղ ոչ մի պատասխանատվություն  և ոչ մի կառավարման որակ չկա: Դա ինչ-որ անհասկանալի մի բան է»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը :  ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը տեսլական կներկայացնի սահմանամերձ համայնքների ճանապարհային խնդիրները լուծելու վերաբերյալ   Անդրադառնալով համայնքների ճանապարհային խնդիրներին, գործադիրի ղեկավարը նշել է. «Վերջին շրջանում բազմաթիվ բնակավայրերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ   անհրաժեշտ է  մեր ուշադրությունը  հրավիրենք համայնքային, մարզային և գյուղական նշանակության ճանապարհների շահագործման, պահպանման և ուղևորափոխադրումների հիմնախնդիրներին: Այդ իսկ պատճառով հանձնարարում եմ  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին 10-օրյա ժամկետում՝ որպես պիլոտ, կառավարության աշխատակազմ ներկայացնել Ձեր տեսլականը՝ սահմանամերձ համայնքների ճանապարհային խնդիրները լուծելու վերաբերյալ, այնուհետև ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարների հետ համատեղ քննարկել այդ ճանապարհներով անվտանգ երթևեկություն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումները և ներկայացնել Ձեր առաջարկությունները»: Հանձնարարվել է նաև գույքագրել առկա և ակնկալվող ֆինանսական միջոցները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն դրանց վերաբաշխման հնարավորության վերաբերյալ՝ հաշվի առնելով մեր տարածքների համաչափ զարգացման և սահմանափակ ռեսուրսների արդար բաշխման սկզբունքները, ինչպես նաև ակտիվացնել կատարվող աշխատանքները՝ իրականացվող խոշոր ճանապարհային ծրագրերում մասնավոր ներդրումների ներգրավման ուղղությամբ: «Ժամը 09:30 կամուրջների վրա աշխատող չկա, 17:30 բոլորը հանգստանում  են: Ես մի անգամ այդ հարցը տվել եմ, ասել են ժամկետի մեջ է: Եթե այսպես են աշխատում՝ ժամկետը կրճատեք: Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն է, բայց այդ պայմանագիրն այնպես պետք է կնքել, որ մենք կարողանանք հետևել»,-նշել է կառավարության ղեկավարը : Համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «2016 թվականի դեկտեմբեր ամսին համայնքների ղեկավարներին տրվեց համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի կազմման նոր մեթոդաբանությունը: Արդեն իսկ ստացված 923 համայնքների զարգացման ծրագրերի, ինչպես նաև  համայնքների բնակիչների հետ հանդիպումների արդյունքները փաստում են, որ համայնքների ղեկավարները դրանք ոչ լիարժեք են քննարկել բնակիչների հետ: Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի բնակիչներն առհասարակ տեղյակ չեն դրանց մասին կամ բարձրաձայնում են համայնքի համար կարևոր հիմնահարցեր, որոնք նույնիսկ տեղ չեն գտել այդ ծրագրի մեջ»:  Վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարին և ՀՀ մարզպետերին 1-ամսյա ժամկետում կազմակերպել համապատասխան ծրագրերի վերանայման գործընթացը՝ լիարժեք ներգրավվելով համայնքի բնակիչներին համապատասխան քննարկումներին: ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարվել է 3-շաբաթյա ժամկետում ընտրել համայնքների 5-ամյա զարգացման լավագույն ծրագրերը  և դրանց վերաբերյալ կազմակերպել քննարկում կառավարության աշխատակազմում: Վարչապետը հանձնարարել է նաև արագացնել Գերմանիայի կառավարության հետ համատեղ ծրագրով նախատեսվող  250 համայնքապետերի ուսուցման գործընթացի կազմակերպումը: Նշվել է նաև, որ  բոլոր մարզպետերն կվերապատրաստվեն Ամերիկյան համալսարանում:  Մեր երկիրը որպես զբոսաշրջային երկիր թերագնահատված է և ունի անհամեմատ ավելի բարձր պոտենցիալ զբոսաշրջության ոլորտում. վարչապետ Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր գովազդող հոլովակների արտադրության և միջազգային ԶԼՄ-ներով տարածելու վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Չնայած այն փաստին, որ վերջին հինգ տարիներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է շուրջ 9 տոկոս, մեր երկիրը որպես զբոսաշրջային երկիր թերագնահատված է։ Համոզված եմ, որ Հայաստանն ունի անհամեմատ ավելի բարձր պոտենցիալ զբոսաշրջության ոլորտում։  Ի լրումն ծրագրավորված և արդեն իսկ իրականացվող գործնական քայլերի, խիստ անհրաժեշտ եմ համարում Հայաստանի, որպես աշխարհում ամենագրավիչ զբոսաշրջային երկրներից մեկի, նկարագրի ձևավորումը»։ Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին շարունակել ակտիվ և թիրախային մարքեթինգային և խթանման միջոցառումների  իրականացում, այդ թվում՝ երկշաբաթյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետությունը, որպես զբոսաշրջային երկրի գովազդող թիրախավորված գովազդատեղեկատվական նյութերի մշակումը և տարածումը, էլեկտրոնային մարքեթինգի իրականացումը, ներառյալ բարձրորակ հոլովակների արտադրությունն ու դրանց լայն տարածումը միջազգային սոցցանցերով և օտարերկրյա ԶԼՄ-ներով հեռարձակումը։ Վարչապետը հանձնարարել է նաև իր խորհրդական Արմեն Ավակ Ավակյանին  կոորդինացնել այդ աշխատանքները: Ստացվել է առաջարկություն Հայաստանում  Կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու վերաբերյալ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ Հայաստանում Կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու առաջարկություն է ստացվել միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիստ Դեյվիդ ՄըՔենզիից: Ըստ այդ առաջարկության՝ համապատասխան դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի Կինոյի դպրոցի գործընկեր կառույց և երեք տարվա ընթացքում այդ դպրոցը ձեռք կբերի կինո արտադրության անհրաժեշտ գույք և սարքավորումներ ԱՄՆ-ից և այլ երկրներից։ Դեյվիդ ՄըՔենզին նախատեսում է մինչև 5 մլն դոլար ներդրում անել: «Այդ իսկ պատճառով հանձնարարում եմ ՀՀ մշակույթի նախարարին երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել առաջարկությունն ու պատասխանել և  հրավիրել իրեն՝ բանակցելու նպատակով»,-նշել է գործադիրի ղեկավարը: Այնուհետև վարչապետը հորդորել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հնարավորինս հավուր պատշաճի իրազեկել հանրությանը ոլորտներում իրականացվող բոլոր բարեփոխումների վերաբերյալ:     Մասնավորապես, ՀՀ  գյուղնախարարին հանձնարարվել է Գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի պետական աջակցության ծրագրի մանրամասները ներկայացնել հանրությանը: Ծրագրի շրջանակում  շահառուները կարող են գյուղտեխնիկա ձեռք բերել  մատչելի պայմաններով` 20 տոկոս կանխավճարով, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, 3-10 տարի մարման ժամկետով: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է հանրությանը մանրամասն իրազեկել  հարկային, մաքսային վարչարարության հետ կապված  բոլոր  բարեփոխումները: «Իրականում ունենք դրական փոփոխություններ և շատ հստակ տրամադրվածություն բիզնեսի համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելու հարցում»,-ընդգծել է վարչապետը: Գործադիրի ղեկավարը ՀՀ ոստիկանության պետի ուշադրությունն է հրավիրել ճանապարհային ոստիկանության հետ կապված բողոքներին, որոնք վերջին շրջանում  շատացել են. «Խնդրում եմ այդ դաշտը Ձեր անձնական վերահսկողության տակ վերցնեք»: