Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փորձում են մանդատի տիրանալ՝ կենցաղային հարցեր լուծելու համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
mediakentron

Այս քարոզարշավն աննախադեպ է թեկնածուների՝ միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու առումով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Ըստ նրա՝  առաջին անգամ է, որ նույն կուսակցության տարբեր ներկայացուցիչներ են միմյանց նկատմամբ բռնություն գործադրում: «Դրանում քաղաքական պայքարի տարրերը բացակայում են: «Ընդ որում ՝ հենց իրենք՝ թեկնածուներն են նշում, որ կենցաղային հողի վրա են տեղի ունեցել այդ վեճերը: Պատկերացրեք, ճիշտ են ասում, շատ ճիշտ են ասում, որովհետեւ նրանք փորձում են մանդատի տիրանալ հենց կենցաղային հարցեր լուծելու համար, որպեսզի հարստանան, հարկեր չտան եւ, երբ նրանք բախվում են՝ բախվում են կենցաղային հողի վրա»:    Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքերով, քաղաքական պայքարն ապաքաղաքականացված է, սա միայն այս ընտրությունների խնդիրը չէ, տարիներ շարունակ քաղաքական գործիչները աշխատել են քաղաքական դաշտի ապաքաղաքականացման վրա: Արդյունքում՝  հասարակությունը պատրաստ չէ լուրջ քաղաքական կամ տնտեսական պլատֆորմներ ընկալելու: «Ըստ էության՝ եթե ուշադիր լինեք, ապա կամ քաղաքական ուժերը ոչինչ չեն առաջարկում, կամ մեկ կետ են վերցրել, օրինակ, խաղաղություն,  ներդրումներ, կարմիր գծերի վերացում: Արդյունքում, գաղափարախոսական դաշտը քանդվել է: Բացառություն են թերեւս միայն «Ազատ դեմոկրատները», որոնք լուրջ ծրագիր են առաջարկել, ունեն սպեցիֆիկ լսարան եւ աշխատում են այդ լսարանի վրա»: Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը հատկանշական է համարում ընտրակաշառքի բացահայտ խոստումը: «Երբ Ծառուկյանը բացահայտ կաշառք առաջարկեց, նրան զգուշացրեցին: Երկրորդ անգամ երբ քաղաքացիները նրան դիմեցին որեւէ հարցով, ասաց՝ գնացեք Մուկուչյանից թուղթ բերեք, որ կարողանամ դա անել»: Քաղաքագետն անդրադարձավ նաեւ Կարեն Կարապետյանի դերին քարոզարշավի ընթացքում: «Թեեւ նա  չկա ՀՀԿ-ի ցուցակում, սակայն քարոզարշավի ընթացքում կուսակցության գլխավոր դեմքն է եւ կրում է քարոզարշավի ողջ ծանրությունը: Սա նույնն է, երբ Սահմանադրական փոփոխություններին Սեյրան Օհանյանը առաջին պլանում էր եւ հանդես եկավ անվտանգության մասին ելույթով, սակայն բոլորս տեսանք, թե որտեղ հայտնվեց նա սահմանադրական փոփոխությունից հետո: Հիմա էլ Կարեն Կարապետյանի երկարաժամկետ պաշտոնավարման մասին չի խոսվում»: