Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էս գյուղում ապագա չկա». աշակերտների թիվը 500-ից հասել է 100-ի (տեսանյութ)

Հասարակություն
chinari-nkar

Եթե  կրակոցները  չլինեին, սահմանամերձ  Չինարին կլիներ ամենահարուստ գյուղը։ Համոզված է բնակիչ Սամվել Պետրոսյանը. «Աշխատող ժողովուրդ են, արարող, ուղղակի սահմանին մոտիկ ենք, հողերը չենք կարողանում մշակել, 80%-ն անմշակ հողեր են»։ Չինարեցին առավել լավ գիտի կյանքի արժեքը, քան Հայաստանի ցանկացած այլ համայնքի բնակիչ։ «Ըտենց օր չկա, որ ստեղ կրակոց չլինի, մեր երեխեքը լրիվ վախեցած, մեր կանայք լրիվ վախեցած։ Առաջնահերթ է, որ սահմաններում խաղաղություն լինի, մենք էլ կարողանանք խիղճներս հանգիստ գլուխներս բարձին դնենք, ոչ թե վախվխորելով պառկենք՝ չիմանալով առավոտ հելնելու ենք, թե ոչ»,- չինարեցի Հմայակ Վանյանի ցանկությունն է։ Սահմանամերձ գյուղը դուրս է եկել զարգացման հունից։  Աշնանը բերք հավաքող կոմբայնն աշխատում է ադրբեջանական զենքի նշանոցի ներքո։ Եթե նախկինում  դպրոցում 400-ից 500 աշակերտ էր սովորում, այժմ այդ թիվը 100-ի էլ չի հասնում։ Հմայակ Վանյանն ասում է. «Պարապություն ա, էս ջահելությունը լրիվ ստեղից դուրս են գալիս։ Էս գյուղում ապագա չկա, ջահելությունը ով հնարավորություն ունի դուրս են գալիս»։ Չինարիից 450 կիլոմետր հեռու գտնվող  Կապանում էլ բնակիչները  նույն խնդիրներով են մտահոգ։ Կապանում գտել են սոցիալապես ծանր կյանքը, առկա կիսապատերազմական իրավիճակը նկարագրելու ձևը։ Մանվել Մկրտչյանը բանաստեղծական ոճով է խոսում, ապա՝ հավելում. «Ղեկավարությունը պիտի մտածի, որ սա իրենց համար աչքահանիչ բան է լինելու, էս ազգը էսպես չի մնալու, իրենք պատասխան են տալու»։ Թատրոնից դուրս գալուց հետո արդեն 5 տարի առանց աշխատանքի է մեկ այլ կապանցի։ Ապրում է արտագնա աշխատանքի մեկնած եղբոր ուղարկած փողերով։ Չի կարողացել անգամ պահակի գործ գտնել։  «Փող ունենամ՝ 100 000 ռուսական, կգնամ էստեղից։ Չունեմ չեմ գնում, որ լինի, վաղը դուրս կգամ»,- ասում է Գրենիկ Օհանջյանը։ Թե՛ սյունեցիները, թե՛ տավուշցիները հույս ունեն, որ առաջիկա ընտրություններում հաղթող ուժն ի վերջո կլուծի տարիներ ի վեր իրենց հետապնդող խնդիրները։