Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք պատկերացնում ենք՝ ուր ենք գնալու. վարչապետ

Պաշտոնական
mak-1

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ ղեկավարի՝ քաղաքականության և ծրագրերի աջակցության գծով օգնական Մագդի Մարտինեզ Սոլիմանին: Հանդիպմանը քննարկվել են  Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և ՄԱԶԾ-ի միջև հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պարոն Սոլիմանին Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին ցուցաբերած տեխնիկական օժանդակության համար և կարևորել տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման, տեսլականի ձևավորման, ՀՀ-ի՝ միջազգային ներկայացվածության բարձրացման ուղղությամբ փոխգործակցությունը: «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ պետք է մշակվի մեր վաղվա օրը և մենք շահագրգռված ենք ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ»,- ասել է ՀՀ վարչապետը:   Մարտինեզ Սոլիմանը նշել է, որ պատրաստ են շարունակել աջակցությունը մեր երկրում բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչը կնպաստի առողջապահության, հանրային կառավարման և այլ ոլորտների զարգացմանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը բարեփոխումների կյանքի կոչման գործում կարևորել է ՀՀ կառավարության, Սփյուռքի և ՄԱԿ-ի համապատասխան կառույցների համատեղ աշխատանքը, կապերի ընդլայնումն ու ներուժի իրացումը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է  լսել ու քննարկել կամայական ոլորտի վերաբերյալ յուրաքանչյուր առաջարկություն: «Մենք կանգնած ենք ֆունդամենտալ բարեփոխումների առջև բոլոր ոլորտներում և մեր խնդիրն է առաջին հերթին բարձրացնել արդյունավետությունը: Մենք պատկերացնում ենք ուր ենք գնալու և ունենք կամք՝ մեր ծրագրերն իրականացնելու համար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: