Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպորտային կազմակերպությունները՝ հօգուտ ՀՀԿ-ի

Քաղաքականություն
sp-1

Այսօր Երևանում` Մոսկվայի տան մեծ դահլիճում, տեղի ունեցավ մարզական մի շարք ֆեդերացիաների և սպորտային հասարակական կազմակերպությունների համաժողով, որին ներկա էին շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովին հրավիրվել էին ՀՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀԿ խորհրդի անդամներ, Ազգային Ժողովի պատգամավորներ Արտակ Դավթյանը և Արտակ Զաքարյանը: Համաժողովի ընթացքում քննարկվեցին ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի զարգացմանն առնչվող խնդիրներ, բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք ապագայում պահանջում են պետական հոգածություն: Ելույթներով հանդես եկան ֆեդերացիաների և սպորտային կազմակերպությունների  ներկայացուցիչներ: Բարձրացված հարցերի և առաջարկությունների վերաբերյալ համաժողովում ելույթ ունեցավ նաև Տարոն Մարգարյանը: Անդրադառնալով մարզական ոլորտի խնդիրներին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ մշակված հստակ ծրագրերի շրջանակում վերջին տարիներին մայրաքաղաքում զգալի աշխատանքներ են տարվել սպորտային կյանքի աշխուժացման ու մարզական օջախների պայմանների բարելավման ուղղությամբ: «Այն հարցերը, որոնք բարձրացվեցին, իրականում խնդիրներ են, որոնք պահանջում են հետևողական լուծումներ: Բայց բոլորդ նաև կփաստեք, որ սպորտի զարգացմանն ուղղված մեր հետևողականությունը մենք կատարած աշխատանքով ենք ապացուցել: Երևանի քաղաքապետարանի ենթակայության սպորտդպրոցների մեծ մասն արդեն հիմնանորոգված է, ամենամյա աշխատանքներ են տարվում նաև մարզական գույքի թարմացման ուղղությամբ: Բայց այսքանով մենք չենք սահմանափակվելու և համոզված եղեք, որ բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշված են Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում, ևս կյանքի են կոչվելու և հետզհետե լուծումներ ենք տալու նաև սպորտի ոլորտի առջև ծառացած տասնամյակների խնդիրներին», - նշել է Տարոն Մարգարյանը: Ավարտին համաժողովը հանդես եկավ համատեղ հայտարարությամբ, որում կոչ է արվում առաջիկա ընտրություններում աջակցել Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը: Համաժողովի հայտարարությունը, որին միացել են համաժողովին ներկա բոլոր կազմակերպությունները,  ներկայացնում ենք ստորև: «Մասսայական սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման խնդիրները տարեցտարի ավելի ու ավելի են կարևորվում մեր հասարակության առողջության պահպանման, ֆիզիկական դաստիարակության, պետության պաշտպանունակության բարձրացման և առողջ հասարակության ձևավորման գործում: Պետության հոգածությունը, համայնքային և հասարակական մարզական կազմակերպությունների պրոֆեսիոնալիզմն ու հետևողական գործունեությունը կարևոր նախադրյալներ են այս հարցերում: Նախկինում իրականացված աշխատանքների և ցուցաբերած ուշադրության շնորհիվ հնարավոր է լուծումներ գտնել ոլորտի տարբեր խնդիրների համար: Զգալիորեն համալրվել է գույքային բազան, բարելավվել են տարբեր մարզական հաստատությունների պայմանները, ակտիվացել են ֆեդերացիաների աշխատանքները՝ ավելացնելով հասարակական ներգրավվածությունն ու հետաքրքրվածությունը սպորտի և ֆիզիկակական կուլտուրայի նկատմամբ: Մենք գտնում ենք, որ հետագա տարիների համար, անհրաժեշտ է լինելու շարունակել ընդլայնել սպորտային խմբակներում և մարզադպրոցներում հանրության ընդգրկվածությունը: Ոլորտում մասսայականության ապահովման նպատակով պետք է կիրառվեն ֆինանսավորման նոր մոդելներ, որը պետք է հենված լինի պետական և համայնքային հաստատությունների, ինչպես նաև մասնավոր սեկտորի համագործակցության վրա: Անհրաժեշտ է նաև տարեցտարի վերանայել մարզչական կազմի աշխատավարձների հետ կապված խնդիրները: Մենք՝ համաժողովի մասնակից ներքոստորագրյալ կազմակերպություններս,

  • կարևորելով ՀՀ նոր սահմանադրությամբ խորհրդարանի ստանձնած լիազորությունները, ինչպես նաև նրա պատասխանատու ու որոշիչ դերակատարությունը մեր երկրի հանրային –պետական կյանքում,
  • գնահատելով Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործունեությունն ու իրատեսական մոտեցումները մեր հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման գործում,
  • ընդգծելով պետության անվտանգության ու առաջընթացի հարցերում մեր մասնագիտական և քաղաքացիական ջանքերը ներդնելու պատրաստակամությունը՝
  • կոչ ենք անում առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցել և քվեարկել Հայաստանի Հանրապետական Կուսակցության ու նրա թեկնածուների օգտին»:
  Հայտարարությունը ստորագրել են թվով 27 հասարակական կազմակերպություններ: