Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոսրով Հարությունյանի եղբոր հիվանդանոցը տարիներով աշխատավարձ չի վճարում

Քաղաքականություն
aramyanc1

Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանի եղբորը՝ Սամվել Հարությունյանին պատկանող երրորդ կլինիկական հիվանդանոցում՝ «Արամյանց»  բժշկական կենտրոնում, տարիներ շարունակ աշխատավարձ չի  վճարվում։ Այդ մասին «Ա1+»-ին հայտնել են հիվանդանոցի աշխատակիցները, որոնք չեն ցանկանում ներկայանալ։ Ստացված տեղեկությունը ստուգելու համար զանգահարեցինք կենտրոնի տնօրեն Մելիք Հարությունյանին (Խոսրով Հարությունյանի եղբոր որդուն) ։ Նա հաստատեց, որ  աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարվել, քանի որ հիվանդանոցը ունի ֆինանսական խնդիրներ և ներկա պահին դժվարությամբ է կարողանում մարել կոմունալ պարտքերը և հոգալ ընթացիկ ծախսերը։ «Ներկա պահին կենտրոնում իրականացվում է ֆինանսական մենեջմենթ, կատարվում են անհրաժեշտ ներդրումները՝ իրավիճակը շտկելու, նաև հիվանդանոցը վերազինելու համար, ինչը կհանգեցնի  աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և խնդիրների աստիճանական լուծմանը»,- նշեց տնօրենը։ Նա նաև ժխտեց այն տեղեկությունը, որ նախկինում հայտարարել է, թե բուժանձնակազմը առանց աշխատավարձի էլ կարող է «յոլա գնալ», քանի որ այսպես թե այնպես «հիվանդներից լևի փող են ստանում»։ «Աշխատավարձերի վճարման  հարցը մինչև այս տարվա վերջ անպայման կկարգավորվի»,- հավաստիացրեց Մելիք Հարությունյանը։ Ըստ աշխատակիցների՝ իրենք աշխատավարձ չեն ստացել արդեն 2,5 տարի։