Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրատեսիլ-2017. Արծվիկի «Fly with me» երգն ու տեսահոլովակը (տեսանյութ)

Մշակույթ
Artsvik-Profile-photo

Րոպեներ առաջ կայացավ «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան. Արծվիկը եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսականին կներկայանա Fly with me երգով: ''Fly with me'' երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են: Լիլիթ Նավասարդյանի խոսքով՝ “Fly with me” երգի ստեղծման հիմքում որոշակիորեն եվրատեսիլյան մասնակցության սեփական փորձն է ընկած: «Երբ Արամ MP3-ի համար էի երգը գրում, ամեն ինչ շատ նոր էր ինձ համար, հիմնականում հարցեր էին, հստակ պատասխան չկար: Իվետա Մուկուչյանի պարագայում շատ ավելի համարձակ ու համառ էի: Իսկ ահա Արծվիկի համար գրելիս ինձ առաջին իսկ վայրկյանից գրավեց նրա ձայնի բազմազանությունը, որի միջոցով փորձեցի էթնիկ բազմազանություն ցույց տալ՝ ոչ թե իրար հակադրելով, այլ յուրատեսակ համադրություն ցույց տալով: Ուզում էի այնպիսի երգ ստանալ, որը լավագույնս կհամապատասխանի եւ կներկայացնի Արծվիկին»,- նշում է Լիլիթ Նավասարդյանը՝ հավելելով, որ երգը գրելիս օգտագործվել են շատ տարբեր ազգային երաժշտական գործիքներ:   Երգի խոսքերի համահեղինակներն են Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը: Ավետ Բարսեղյանի խոսքով՝ երգի խոսքերի ստեղծման հիմքում առաջին հերթին ընկած է եղել գերպատասխանատվության զգացողությունը եւ սպասումը, թե երգն ինչպես կընկալվի: «Ինչպես Լիլիթենց հետ յուրաքանչյուր աշխատանք, այս երգը եւս կարծես այլընտրանքային իրականությունից, տիեզերքից մի հատված լինի: Խոսքերը գրելիս փորձել ենք ներկայացնել այն գաղափարը, որ չնայած յուրաքանչյուրս տարբեր ենք եւ մեր անհատական առանձնահատկությունն ունենք, այնուամենայնիվ, կա ողնաշարային ընդհանրություն բոլորիս համար, որ կոչվում է սեր. այն մեկն է բոլորիս համար»,- նշեց Ավետ Բարսեղյանը:   Համահեղինակ Դավիթ Ծերունյանն էլ նշում է, որ թեեւ ցանկություն կար երգի խոսքերը գրել հեքիաթի ձեւաչափով, այնուամենայնիվ, թեմատիկան հստակեցվել է ավելի ուշ. գրվեց 4 տարբերակ, ընտրվեց լավագույնը: «Արծվիկի ձայնի ելեւէջները եւ տեմբրային առանձնահատկությունները լսողներին տեղափոխում են հեքիաթային աշխարհ: Նրա կողմից պատմվող հեքիաթի հերոսուհին հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, լույսի եւ սիրո խորհրդանիշն է, ով բոլորին հրավիրում է միանալ իր արծվային թռիչքին: Երգի խոսքերը պարզ ու հասկանալի են բոլորի համար, իսկ պատմվող հեքիաթը հետաքրքիր փիլիսոփայություն ունի իր մեջ՝ աշխարհը կազմված է բոլոր գույներից, ձայներից ու պատմություններից, որ մենք լսում ենք»,- նշեց Դավիթ Ծերունյանը: Երգի հերոսուհին ներկայացնում է իր կյանքի պատմությունը, ով իր մեջ ամփոփում է ամենանվիրական զգացմունքը՝ սերը ու պատմում է մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Նա թռչում է վեր, անցնում երկար ու դժվար ճանապարհ՝ եզրակացնելով, որ արեւը մեկն է բոլորիս  համար: Ռեժիսոր Արթուր Մանուկյանի խոսքով՝ երգն այնքան շատ զգացմունքներ է փոխանցել իրեն եւ միաժամանակ այնքան տարբեր զգացողություններ առաջացրել, որ որոշել է տարբեր խորհրդանիշներ օգտագործել: «Սա այն բացառիկ տեսահոլովակներից է, որը լիարժեքորեն ներկայացնում է ինձ: Այն նկարահանելիս առավելագույնս ազդվել եւ ոգեշնչվել եմ երգից»,- նշեց Արթուր Մանուկյանը: Տեսահոլովակի բեմադրող օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է, պարուսույց՝ Հովհաննես Սարգսյան, ոճաբան՝ Արամ Նիկոլյան, դիմահարդար՝ Յանա Բաբաջանյան, վարդահարդարներ՝ Կրիստինա Աբրահամյան, Հարություն Ջուլհակյան:  «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո: