Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաց բերողի մահվան պատասխանատուն իշխանությունն է. իրավապաշտպաններ (տեսանյութ)

Հասարակություն
t066s8k8KdOkPI1TOpgrdaLNpF

Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան փաստին իրավապաշտպանները խիստ գնահատականներ են տալիս։ Վարդան Հարությունյանն ասում է.  «Արթուր Սարգսյանը ոչ թե մահացավ, այլ սպանվեց։ Նա դարձավ այս իշխանությունների հերթական զոհը։ Նա ավելացավ մարտի 1-ի և այլ սպանությունների զոհերին, որոնք սպանվել են քաղաքական գործընթացների արդյունքում այս իշխանությունների օրոք»։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ է խիստ գնահատական հնչեցնում. «Ես սա համարում եմ սպանություն և ուղղակի պատասխանատվություն, որն առաջին հերթին կրում է անձամբ Սերժ Սարգսյանը»։ Արթուր Սարգսյանը մահացավ 25 օր հացադուլ անցկացնելուց հետո։ Հաց բերողը կալանավայրում հյուծիչ այդ քայլին գնաց՝ չնայած զգուշացումներին, որ դա իր կյանքը վտանգում է։ Կալանքից ազատվեց պատգամավորների երաշխավորումից հետո միայն։ Հաց բերողը կամայական արդարադատության հերթական զոհն է՝ կալանքի տակ էր՝ չնայած ծանր հիվանդությանը։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը պատասխանատուների շարքն է ամբողջացնում։  «Պատասխանատվություն կրում է ՀՔԾ-ի պետը, կրում է քննիչը, դատավորը, քրեակատարողական հիմնարկը, որը պետք է բարձրացներ հարցը, որ կալանքի տակ գտնվող անձը կալանքի հետ անհամատեղելի առողջական վիճակում է գտնվում, նախարարը, բոլորը պատասխանատու են ապօրինի հրաման կատարելու մեջ»։ Ոստիկանական պատի ճեղքմամբ՝ սեփական կյանքը վտանգելով Սասնա ծռերին հաց տանելը դարձել է լեգենդ, իսկ Հաց բերողը՝ լեգենդի հերոս։ Իշխանությունը չէր կարող հանդուրժել նման անձին ազատության մեջ։  «Նրանց միջի չարությունը թույլ չէր տա չկալանավորել, այդ մարդը դուրս եկավ սկսեց հանրության աչքին երևալ իր հպարտ, արժանապատիվ կեցվածքով, իսկ սրանք չեն կարողանում հանդուրժել արժանապատվությունը»,- ասում է Վարդան Հարությունյանը։ Արթուր Սարգսյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ։ Քննչական կոմիտեն պետք է փորձի հասկանալ՝ արդյոք Արթուր Սարգսյանի մահը եղել է բժիշկների անզգուշության հետևանք։ Առգրավվել են Դատապարտյալների հիվանդանոցում, «Արմենիա» բժշկականում եղած առողջությանը վերաբերող փաստաթղթերը։  «Մի կողմից փոխհատուցում պետք է լինի, ճանաչվի այդ անձը, որպես խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի զոհ, և երկրորդը՝ մեղավորները պետք է պատիժ կրեն»,- ասում է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Մահվան պատճառը սիրտ-անոթային անբավարարությունն է եղել, ինչը, ըստ բժիշկների, հետվիրահատական բարդության հետևանք է։