Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցանկանում եմ, որ երբեք չհոգնեք». վարչապետը՝ կին գործարարներին

Քաղաքականություն
unnamed2-4

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «Լավագույն կին գործարար» 6-րդ մրցանակաբաշխությանը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ ու «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կազմակերպմամբ:  Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի շնորհակալագրերով է խրախուսել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում ունեցած ներդրման, ինչպես նաև ակտիվ գործունեության համար «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության արդյունքներով Երևանից և ՀՀ մարզերից հաղթող ճանաչված կին գործարարներին: Մրցանակների արժանացած բիզնես կանայք լավագույնն են ճանաչվել «Լավագույն կին գործատու», «Լավագույն կին նորարար», «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար», «Լավագույն սկսնակ կին գործարար» և «Լավագույն կին գործարար արտահանող» անվանակարգերում: unnamed1 «Ցանկանում եմ, որ երբեք չհոգնեք, միշտ լինեք գեղեցիկ, ժպիտով, եռանդով, դրայվով և այն հանդուրժողականությունն ու մշակույթը, որ կարող եք բիզնեսում սերմանել, սերմանեք  ձեր շրջապատում: Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր հասարակության ամենակարևոր շարժիչ ուժերից մեկը գործարարն է, բիզնեսմենը և այդ պատճառով կառավարության բոլոր գործառույթները, քայլերն ուղղված են նրան, որպեսզի բիզնես միջավայրը դարձնենք առավելագույնս պարզ և հասկանալի: Սրտանց շնորհավորում եմ, ցանկանում եմ, որ լինեք հաջողակ,էներգիայով լի և տարեցտարի ձեր բիզնեսը էլ ավելի զարգանա», - շնորհավորանքի խոսքում ասել է կառավարության ղեկավարը: «ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի կողմից հատուկ մրցանակներ են շնորհվել Արցախի կին գործարարներին: «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխության հաղթողներին խրախուսական մրցանակներ են հանձնվել նաև միջազգային կազմակերպությունների՝ USAID, GIZ, UNIDO, UNFPA, UNHCR, EBRD ASB, EBRD BSO, AWAY, AUA, CARITAS կողմից: unnamed3