Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Կոստանյան. «ՀՀ-ի դեմ 11 մլն եվրոյանոց հայցապահանջը վերջնական չէ»

Քաղաքականություն
kostanyan

Մինչեւ հունիս ամիս ՀՀ կառավարության ներկայացուցիչները պետք է Եվրադատարան ներկայացնեն «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» հայցապահանջի գումարի չափի վերաբերյալ դիրքորոշումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը: Ըստ նրա՝ հայցապահանջի չափը վերջնական չէ, այն բավական բարձր է՝ 11 մլն եվրո: ՄԻԵԴ-ը 2016-ի հոկտեմբերին հրապարակել էր  «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը, որում խախտված է ճանաչվել արդար դատաքննության իրավունքը (Կոնվենցիայի 6-րդ հոդված): Լրագրողների հարցին,  թե նմանատիպ դեպքերից խուսափելու եւ պետբյուջեից այդ գումարները վճարելու փոխարեն արդյո՞ք ճիշտ չի լինի գումարը գանձել խախտումը թույլ տված դատավորից, Կոստանյանը պատասխանեց, որ դատարանի եւ դատավորի անկախությունը ենթադրում է ֆինանսական իմունիտետ, դա, ըստ էության, հնարավորություն չի տալիս դատավորից ամբողջական գումարը հետ պահանջել: «Սակայն դա կարող է հիմք լինել նրա նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար: Եթե նման վարույթ սկսելու դեպքում դատավորը ենթարկվի կարգապահական պատասխանատվության, ապա  դա կենթադրի նաեւ որոշակի ֆինանսական պատասխանատվություն: Նա տեղեկացրեց, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է սկսել արդարադատության նախարարը եւ Էթիկայի հանձնաժողովը. «Պետք է ուսումնասիրել եւ փորձել հասկանալ դրանից հետո արդարադատության որեւէ նախարար դիմե՞լ է որեւէ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար կամ Էթիկայի հանձնաժողովը երբեւէ նախաձեռնե՞լ է Եվրադատարանի վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը»: Գևորգ Կոստանյանը տեղեկացրեց նաեւ, որ դատավորին կարելի է վճռի հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկել 2 դեպքում, եթե առկա է չարամիտ խախտում, այսինքն` դիտավորությամբ դատավորը խախտել է օրենքը: Երկրորդ, եթե ցուցաբերել է չարամիտ անգործություն, անփութություն,այսինքն, ինքը պետք է իմանար, բայց չի իմացել։ Կոստանյանը նշեց նաեւ, որ 2002 թ-ից մինչ օրս Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի ներկայացվել է ՀՀ քաղաքացիների 2000 հայցադիմում, որոնց ընդհանուր գումարը կազմել է 15 մլն եվրո: Ներկայացված հայցերից մոտ 30-ի գործով վճիռ է կայացվել, որոնց ընդհանուր արժողությունը 900 հազար եվրոյի է հասնում: