Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարությունը չի թողնում Նաիրիտում ներդրում անել»

Տնտեսություն
Nairit

Նաիրիտցիները պահանջում են դադարեցնել  սնանկության վարույթը, վերագործարկել գործարանը և վերադարձնել իրենց  նախկին աշխատատեղերը։ Այսօր կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ նրանք հայտարարեցին, որ նաիրտցիներից ոչ ոք իր ձայնը չի տալու Հանրապետական կուսակցությանը, քանի որ բոլոր կուսակցությունների ծրագրերը ներառում են Նաիրիտի հարցը, բացի ՀՀԿ-ից։ «Հանրապետական կուսակցությունը մեր թշնամին է, և եթե մի նաիրիտցի ձայն տա հանրապետականին, նա դավաճան է», -  հայտարարեց Նաիրիտի նախկին աշխատողների ցույցերը համակարգող Կարինե Շահվերդյանը։  «Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ Նաիրիտը կարող է վերագործարկվել 100-150 մլն դոլար ներդրման դեպքում։ ֆինանսավորում պատրաստ է իրականացնել «Եվրոպա-Ասիա բիզնես-կենտրոն հոլդինգը»։ Բայց իրենց և ցանկություն հայտնած բազմաթիվ այլ ներդրողներին կառավարությունից ասել են՝ «Ձեզ պե՞տք է Նաիրիտը. հիմա այն այնպիսի վիճակում է, որ եկամուտ չի բերի ձեզ»։ «Կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ ներդրող չկա, նաև պահանջել Նաիրիտի վերագործարկման ծրագիր մշակել։ Նաիրիտի բարձրակարգ  մասնագետները մշակել են այդ ծրագիրը։ Կառավարությունը հավանություն տալով այն ուղարկեց ԱԺ։ Ծրագիրը նաև ուղարկվեց հոլդինգին, ով նույնպես հավանություն տվեց»,- ասաց Կ.  Շահվերդյանը։ Սակայն սնանկության գործընթացը արդեն սկսվել է, և նաիրիտցիներից պահանջում են դրա հետ կապված տույժ ու տուգանքները մուծել։ Ընդ որում, դրանց չափն ամեն չմուծված օր ավելանում է աշխատավարձի 0,15 տոկոսով։ Սակայն, երբ աշխատողները պահանջել են իրենց մուծել աշխատավարձերի ուշացման հետ կապված տուգանքները, տնօրինությունը բացեիբաց հայտարարել է՝ «Ստորագրեք, որ հրաժարվում եք տույժ ու տուգանքից, ձեր մայր գումարը կստանաք, թե չէ դիմեք դատարան»։ «Նման խայտառակ պահանջը չենք իրականացնելու և չենք ստորագրելու»,- ասում են Նաիրիտի նախկին աշխատակիցները։