Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մոնակոն» կփորձի «հարամել» Գվարդիոլայի հոբելյանական խաղը

Սպորտ
unnamed-18-2

  Այսօր տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան վերջին հանդիպումները: Մադրիդի «Աթլետիկոն» սեփական դաշտում հյուրընկալելու է գերմանական «Բայերին»: Այս զույգի հաղթողը համարյա պարզ է, քանի որ երկու շաբաթ առաջ «աթլետները» Լեւերկուզենում 4:2 հաշվով հաղթանակ տարան եւ «դեղագործների» երկրպագուներին ստիպեցին հաբեր ընդունել սրտի աշխատանքը կայունացնելու համար: «Մոնակո» - «Մանչեսթեր Սիթի» մրցախաղն ավելի հետաքրքրությամբ է սպասվում, քանի որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնության առաջատարը լավ հնարավորություն ունի մտնելու հաջորդ փուլ, չնայած առաջին խաղում պարտվել է 3:5 հաշվով: Մոնակցիների երկրպագուներին նման լավատեսություն է ներշնչում այն, որ առաջատար 5 երկրների առաջնություններում առավել արդյունավետ խաղ ցուցադրում է հենց իրենց սիրելի թիմը՝ 84 գոլ 29 խաղում: «Մոնակոն» այս մրցաշրջանում մրցակիցների դարպասը չի կարողացել գրավել միայն երկու խաղում:  «Մանչեսթեր Սիթի» վերջին շրջանում նույնպես հաջող է հանդես գալիս: «Քաղաքացիները» պարտություն չեն կրել վերջին 11 խաղերում: Թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան այսօր անցկացնում է իր 100-րդ հոբելյանական հանդիպումը եվրոպական գավաթներում: Անկախ արդյունքից, նա արդեն գերազանցել է հոլանդացի Լուի վան Գալի արդյունքը, որը 100 խաղում տարել է 61 հաղթանակ, իսկ 22 խաղ ավարտել է ոչ-ոքի: Խոսեպ Գվարդիոլան այս պահին մեկ ոչ-ոքի շատ ունի: Ի դեպ, կատալոնցի մասնագետն իր կարիերայի ընթացքում միշտ էլ հաղթահարել է չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի արգելքը: Արդյոք կհաջողվի նրան շարունակել այդ ավանդույթը, թե «Մոնակոն» մեծ անակնկալ կմատուցի, պարզ կդառնա խաղից հետո: