Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր հրաձիգները փամփուշտների պակաս ունեն

Սպորտ
sport-hradzgutyun

Հայաստանի հրաձիգներն այս տարի չեն մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը: Այդ մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: «Մենք լուրջ պատճառ ունենք: Դա փամփուշտի բացակայությունն է: Խոսքը վերաբերում է 5,6 մմ փամփուշտներին: Դրանք հիմնականում արտադրում են Անգլիան ու Գերմանիան: Հայաստանին նման փամփուշտներ չեն տրամադրում, քանի որ այն պատերազմող երկրների շարքին է դասվում եւ գտնվում է էմբարգոյի մեջ», - պարզաբանեց գլխավոր մարզիչը: Խոսելով հրաձգությունը հանրապետությունում մասսայականացնելու մասին՝ Սեյրան Նիկողոսյանը «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց. «Հրաձգություն մարզաձեւը Հայաստանում տարածված չէ, քանի որ հրաձգարանների, զենք-զինամթերքի պակաս ունենք: Օրինակ, Գյումրիում հրաձգության մարզադպրոց կա, սակայն սեփական զենք չունի: Ստիպված ֆեդերացիան է զենք տրամադրել մարզադպրոցին»: Փորձառու մասնագետը կարծում է, որ մարզաձեւը զարգացնելու համար պետք է խոշոր քաղաքներում դարձյալ ստեղծել հասարակ հրաձգարաններ, այսպես ասած տիրեր, որոնք բավական տարածված էին նախկին ԽՍՀՄ-ում: «Առաջ դրանք գտնվում էին ԴՕՍՍԱՖ-ի ենթակայության տակ: Հիմա խոսակցություն կա այդ բնագավառը հանձնել Հայաստանի հրաձգության ֆեդերացիային: Տիրերի օգնությամբ մենք կարող ենք մասսայականացնել հրաձգությունը, բացի այդ գումարներ վաստակել մարզաձեւն ավելի շատ զարգացնելու համար», - եզրակացրեց Սեյրան Նիկողոսյանը: