Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը հավանաբար կփոխարինի Զլատան Իբրահիմովիչին

Սպորտ
sport-henrix-13.03.

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իր թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մեկնել է Լոնդոն, որտեղ «կարմիր սատանաները» Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի շրջանակում կհանդիպեն տեղի «Չելսիի» հետ: Մեր ֆուտբոլիստն այդ խաղում հայտավորվել է որպես հարձակվող: Բանն այն է, որ ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը ներկայումս որակազրկված է եւ չի կարող այսօր խաղալ: Իսկ ահա եզրային գրոհայիները՝ Մարսյալն ու Մարկուս Ռեշֆորդը, վատառողջ են, իսկ ենթահարձակվող Ուեյն Ռունին վնասվածք է ստացել վերջին մարզման ժամանակ: Նման պայմաններում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հարձակվողների ցանկում հայտավորել է կիսապաշտպանների՝ Հենրիխ Մխիթարյանին, Խուան Մատային, Էշլի Յունգին եւ Ջեսս Լինգարդին: Ինչպես նշում են անգլիական թերթերը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման կենտրոնում Զլատան Իբրահիմովիչին հավանաբար կփոխարինի հենց Հենրիխ Մխիթարյանը, որն ավելի բազմակողմանի ֆուտբոլիստ է, քան թիմի մնացած երեք  «նոր հարձակվողները»: Նշենք, որ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 23:45-ին: Բուքմեյքերներն այս խաղի ֆավորիտ են համարում դաշտի տերերին, որոնց հաղթանակը երկու անգամ բարձր են գնահատում, քան մանչեսթրցիներինը: