Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո Եղնուկյան. «Իմ պալատում ես եմ թագավորը» (տեսանյութ)

Քաղաքականություն
karo-exnukyan

Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի բնակարանի անձեռնմխելիության խախտման փաստը քննարկվում էր  Վերաքննիչ  քրեական դատարանում: Քննիչը հրաժարվել էր գործ հարուցել, որն էլ առիթ էր դարձել դատարան դիմելու համար:  Դատավոր Սերգեյ Չիչոյանը արգելեց տեսանկարահանում անցկացնել:  Նախորդ տարվա հունիսի 30-ին ոստիկանները փորձել են ներխուժել Եղնուկյանի բնակարան՝ կնոջը բերման ենթարկելու եւ 4-րդ  անգամ որպես տուժող հարցաքննելու համար: Մինչդեռ նա միշտ նույն ցուցմունքն է տվել: «Ես ասում եմ կինս որտեղ է, գնացեք բերման ենթարկեք կնոջս դատարանից:  Պրոբլեմ չկա, բայց տանը չէ, ես ձեզ թույլ չեմ տալու տուն մտնել»,- դատարանում հայտարարեց Կարո Եղնուկյանը: Նա այսօր դեպքից այլ  մանրամասներ ներկայացրեց:  «Նա ներխուժել էր բնակարան եւ չէր  ենթարկվում իմ պահանջին, որ դուրս գա բնակարանից : Իմ տունը  իմ պալատն է եւ պալատում ես եմ թագավորը»:   Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը մերժեց բողոքը: «Որոշ ժամանակ հետո, եթե ոչ Սահմանադրական դատարանը, ապա Եվրոպական դատարանը կանդրադառնա այս հարցին:  Ինձ թվում է, որ կունենանք  հերթական դատական ակտը ՀՀ-ի դեմ: Մենք ոստիկանական երկիր, ոստիկանական պետություն չենք: Ոստիկանը երբ ցանկանա, մի քանի ոստիկանի վերցնի եւ գա մտնի անձի բնակարան՝ առանց որեւէ հիմքի, թեկուզ ունի որոշում անձին բերման ենթարկելու»,- ասաց պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Այսօրվա որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում: