Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնությունը Չարենցի վրա զարմանալի պատվաստումներ էր կատարել. Պարույր Սևակ (տեսանյութ)

Մշակույթ
17264131_10154513482707104_5146578662160597411_n

«Բանաստեղծները շատ բանով նման են ծառերին. կան վաղահասներ, կան աշնանահասներ, երբեմն ձմեռնուկներ… մայր բնությունը Չարենցի վրա զարմանալի պատվաստումներ էր կատարել, մենք ընդամենը տեսանք Չարենցի ապշեցուցիչ վաղահասությունը, որ հազվադեպ է լինում առհասարակ»: Այս տողերը Պարույր Սևակի զեկույցից  է՝ Եղիշե Չարենցի ծննդյան 70-ամյակի հանդիսավոր երեկոյին: 1897թ.-ի այս օրը Կարս քաղաքում ծնվեց Եղիշե Սողոմոնյանը, որը պետք է դառնար մեծ պոետ Եղիշե Չարենց, շատերի նման գար հայրենիք՝ կառուցելու հոգևոր Հայաստան և շատերի նման՝ նահատակվեր։ Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել երկրից , սակայն Չարենցը իրեն Հայաստանից դուրս չէր պատկերացնում։ 1936-ի սեպտեմբերին Չարենցին տնային կալանքի են ենթարկում, իսկ շուտով նաև`ձերբակալում: 1937-ի աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային: Չարենցը ապրեց ընդամենը 40 տարի, որից  քսանհինգը՝ ստեղծագործեց:  «… Եվ այսպես, ահա ես՝ 25 տարի ստեղծագործական աշխատանքով հայրենի հերկը խոփով ոգեկան հերկելուց հետո, ահա տոնում եմ իմ կրկնակի հոբելյանը՝ մենակ ու հալածական, պոետ՝ աքսորյալ սեփական հայրենիքում…»,- կգրի  Չարենցը 1937-ի մարտի 28-ի գիշերը: «Մայրս՝ Անահիտը,  արտաքինով էր շատ նման Չարենցին»,- ասում է  թոռնուհին՝ Գոհար Բազյան-Ջերրահյանը, «սակայն նրա բուռն ու հակասական խառնվածքը ժառանգել էր  մորաքույրս՝ Արփենիկը»: Նրա կյանքի ժամանակը, իր ժողովրդի պատմության վայրիվերումներով լի ժամանակներն էին ու պոետի գրիչը արտացոլեց հայոց պատմության ամենաբարդ ու հակասական շրջաններից մեկը` լեցուն ողբերգություններով, վերելքներով, հուսախաբություններով ու հույսերով: