Հաղթանակ զբոսայգու լճում ձկները սառել են (տեսանյութ)
Այս տարվա ձմեռը ճակատագրական եղավ Հաղթանակ զբոսայգու արհեստական լճի ձկների համար։ «Բոլորը սատկել են, թե փոքրերից, թե էն ամենամեծ ձկներից»,- ասում է մի բնակիչ։ «Ձմեռվա ընթացքում պետք է անցքեր բացել, որ թթվածին շնչեն, ածխաթթու գազը դուրս գա։ Որ թթվածին չի լինում, իրենք սատկում են։ Քանդեցինք մի քիչ տեղ, իրենք գալիս են էնտեղից շնչում են, որը հասցրեց շնչեց, որը չհասցրեց՝ ինչ ասեմ, էտի բնական երևույթ ա»,- ասում է այգու աշխատակիցը։ Հարեւանությամբ ապրող քաղաքացին բնավ էլ բնական չի համարում ձկների անկումը։ «Ջուրը նեխած վիճակ ա, այլանդակ ներխած, որովհետև ցանկացած լիճ որ սառում ա, նրա վերևի սառույցը կանաչ գույնի կլինի՞, բալոտային և նեխած վիճակ ա»։ Նրա հաշվարկներով՝ 20 տարի է՝ ջուրը չի մաքրվում։ «Սովետական միության ժամանակ իջեցրել են ջուրը, գարնան ժամանակ մաքրել են, տիղմը հանել են, էկոլոգիապես մաքուր ջուր ա եղել, երեխաները մաքրել են, լողացել են, բայց հիմա սրա մեջ մտնողը 1500 հիվանդություն կստանա»։ Այգու աշխատակիցը չի ընդունում, որ լճի ջուրը վտանգավոր է. «Որովհետև մեր էս ամբողջ այգին, որ ջրվում է, էդ ջրերով է ջրվում»։ Բնապահպան Սիլվա Ադամյանի գնահատմամբ՝ որքան էլ ձմեռը խստաշունչ էր, այնուամենայնիվ պայմաններն այնպիսին չէին, որոնք կհանգեցնեին ձկների նման անկման։ «Էդպիսի մասսայական անկում լինում է մի դեպքում, երբ քիմիական նյութեր են լցվում ջրի մեջ և այդ նյութերի պատճառով կենսաբազմազանությունը անկում է ունենում»,- բացատրում է բնապահպանը։ Ըստ Սիլվա Ադամյանի՝ Բնապահպանության նախարարությունը պարտավոր է ջրի փորձաքննություն անել։ Բոլոր դեպքերում այգում զբոսնող քաղաքացիներին բնապահպանը զգուշության կոչ է անում. «Երեխաներ են այնտեղ ման գալիս և կարող են ջրի հետ խաղալ։ Բարձիթողի վիճակի հետևանք է սա։ Վաղը, մյուս օրը հիվանդություն որ բռնկվի, կասեն՝ տեսեք հիվանդացել են մարդիկ, բայց ոչ մեկ չի ասի պատճառը որտեղից է»։ Իդեպ, Հաղթանակի զբոսայգում միայն լիճը չէ, որ այս վիճակում է։ Աղբից, սակայն, ուրախացողներ կան։