Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղադրանք է առաջադրվել երկու պաշտոնատար անձի

Պաշտոնական
hqc

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչ Արման Մովսիսյանը ՀՀ ՊՆ աշխատակից Հայկ Խաչատրյանի դրդմամբ և օժանդակությամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, փորձել է ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնել դեպքի վայրի զննության մասին կազմված պաշտոնական փաստաթղթում: Այսպես, ՃՈ հետաքննիչ Ա. Մովսիսյանը, 14.12.2015թ.-ին վթարի վերաբերյալ ստացված ահազանգով ժամանել է դեպքի վայր` Վայք քաղաքի Շահումյան փողոց և տեղեկացել, որ իր ծանոթ, վարորդական իրավունքի վկայական չունեցող Գևորգ Խաչատրյանը «ՎԱԶ 21-213» մակնիշի ավտոմեքենայով խախտել է ճանապարհային երթևեկության կանոններն ու ընդհարվել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը վթարի հետևանքով կրել է 622.200 ՀՀ դրամի գույքային վնաս: Սակայն ապահովագրական ընկերության կողմից հիշյալ գումարը Գ. Խաչատրյանից ետ չբռնագանձելու համար, ընդառաջ գնալով վերջինիս եղբայր` ՀՀ ՊՆ աշխատակից Հայկ Խաչատրյանի խնդրանքին, Ճանապարհային ոստիկանության հիշյալ հետաքննիչը դեպքի վայրի զննության վերաբերյալ կազմած արձանագրությունում փոխել է իրական վարորդին և վերջինիս փոխարեն նշել վարորդական իրավունք ունեցող նրա եղբորը` Հայկ Խաչատրյանին, ով ապահովագրական ընկերության հետ պայմանագիր է ունեցել:  Սակայն նույն օրը Ա. Մովսիսյանը վթարի վայրում եղած ՃՈ մեկ այլ հետաքննիչից` Ռոման Սումբատյանից տեղեկանալով, որ վերջինս վթարի վերաբերյալ բաժնի պետին ներկայացրած զեկուցագրում նշել է «ՎԱԶ 21-213» մակնիշի ավտոմեքենայի իրական վարորդի տվյալները և կանխատեսելով իր կատարած ապօրինի գործողությունների բացահայտման վտանգը, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, այն է` կազմել է դեպքի վայրի զննության նոր սխեմա, որում որպես վարորդ նշել է Գևորգ Խաչատրյանին` այս անգամ էլ կեղծելով ընթերակաների ստորագրությունները: Այսպիսով, ՃՈ տեսուչ Ա. Մովսիսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-308-րդ հոդվածի 1-ին մասով պաշտոնեական դիրքի չարաշահման փորձի, իսկ ՊՆ աշխատակից Հ. Խաչատրյանին` 38-34-308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փորձին դրդելու և օժանդակելու համար: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՔԾ