Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում սիրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են (տեսանյութ)

Հասարակություն
e3ac5c12994961564d20c343b16b9a4d

Տարվա սեզոնային փոփոխությունների ժամանակ հատկապես գարնանը սրվում են սիրտանոթային հիվանդությունները, որոնք Հայաստանում դառնում են հիմնական մահացության պատճառը։ Արձանագրվող մահերի մոտ կեսը բաժին է ընկնում հենց սիրտանոթային հիվանդություններին։ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան  Համլետ Հայրապետյանը մարտի 10 –ին կայացած ասուլիսին նշեց , որ այդ պատճառով  սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը և բուժումը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական բնույթ է կրում,  քանի որ  ոչ միայն մահացության, այլև հաշմանդամությունների  պատճառ են դառնում։   «Վերջին տարիներին լուրջ  միջոցառումներ են ձեռնարկվել իջեցնելու այս մահվան ցուցանիշը և հնարավորին չափ օժանդակելու բնակչությանը, ավելի հասանելի դարձնելու բուժումը, հատկապես ժամանակակից մեթոդներով»,-ասաց նա։ Սրտաբանը հիշեցրեց, որ 2015թ. հունվարի 1-ից Հայաստանում գործում է պետական ծրագիր, որի շրջանակներում սրտամկանի սուր կաթվածի ժամանակ սրտի ստենտավորման վիրահատությունները պետպատվերով են իրականացվում։ Հետագայում ստենտավորված հիվանդները գտնվում են տվյալ կլինիկայի հսկողության տակ և 6 ամսվա ընթացքում նրանց հետազոտությունները և կոնսուլտացիաները ևս կատարվում են անվճար հիմունքներով։ Ծրագրի իրականացման երկու և ավելի տարիների ընթացքում  այս ծրագրով ստենտավորվել է  ավելի քան 3000 հվանդ։ Հայաստանում գործում է 10 հիվանդանոց, որոնք ունեն ստենտավորման հնարավորություն և մասնակցում են նշված պետական ծրագրին։  Դրանցից 8-ը գտնում են Երևանում, մեկը Գյումրիում, իսկ մյուսը՝ Գորիսում։ Տեղաբաշխվածությունը թույլ է տալիս կաթվածից հետո հնարավորինս արագ հասցնել հիվանդին հիվանդանոց։ «Ծրագրի կիրառման արդյունքում մենք ունենք հատկապես հոսպիտալային մահացության նվազում, իսկ մահացածության ցուցանիշները այդ ստենտավորված հիվանդների շարքում հասնում է 3-4 տոկոսից ոչ ավել։ Այս ծրագրի ներդրումը լուրջ քայլ է առողջապահության բնագավառում։ Շատ զարգացած երկրներ չունեն պետական հովանավորության նման ծրագիր»,- շեշտեց Հ. Հայրապետյանը։ Նրա խոսքով Հայաստանում սիրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են, բայց դա գլոբալ խնդիր է, որի գործոնները լինում են կառավարելի և ոչ կառավարելի։ Առաջինների շարքում են ժառանգականությունը և վատ էկոլոգիան, երկրորդի շարքում՝ ոչ առողջ ապրելակերպը, վատ սովորությունները, ինչպես նաև հիպերտոնիան և արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ ԱՎԾ-ի տվյալներով, Հայաստանում  2016թ. գրանցվել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան 13 306 դեպք (մահացության 47,3 տոկոսը). թիվը նախորդ տարվա նկատմամբ աճել է 3,9 տոկոսով։