Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջապես հասկացան, որ ոսկու պահուստները պետք է վերականգնել. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Diana-nkar-Hrant-Bagratyan

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատ դեմոկրատներ-Ազատություն» դաշինքի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը դրական է գնահատում Հայաստանի համախառն արտաքին պահուստներում ոսկու  մասնաբաժնի վերականգնման Կենտրոնական բանկի որոշումը: Մարտի 9-ին կայացած ասուլիսին նա ասաց, որ ԿԲ-ի պահուստներում անպայման ոսկի պետք է լինի, քանի որ ոսկին  շատ կայուն փոխարժեք է և միջազգային պահուստների դիվերսիֆիկացման լավագույն տարբերակ, մինչդեռ  դոլարը և եվրոն հետզհետե արժեզրկվելու են: Արդյունքում արժեզրկվելու են նաև բոլոր երկրների,  այդ թվում նաև՝ Հայաստանի, թիրախային վալյուտաներով պահվող խնայողությունները:  «ԿԲ-ում հարյուր տոկոսով հիմար չեն, և բնականաբար տեսնելով, որ սխալ է ունենալ շատ դոլարային պահուստներ,  վերջապես հասկացան, որ ոսկու պահուստները անհրաժեշտ է վերականգնել և փորձում են փոխել վիճակը»,- շեշտեց Հ. Բագրատյանը:  Նա մեղադրեց ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանին՝ մակրոտնտեսական հանցագործության մեջ, հավելելով, որ եթե կա երկիր, ուրեմն նա պետք է պատասխանատվություն կրի  ՀՀ ոսկու պաշարները 15 տարի առաջ վաճառելու համար: Նշենք, որ  2016թ. հունիսին  ԿԲ  նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում հայտարարեց, որ  Հայաստանի ոսկու պահուստները վերականգնվելու են: Այդ նպատակով  Հայաստանում ձուլման գործարան է կառուցվում, և 2017 թվականին Հայաստանը կկարողանա ձուլվածք արտադրել: Հայաստանի միջազգային պահուստների  1.4 տոննա ոսկին վաճառվել է 2003 թվականին 17 մլն դոլարով: ԿԲ տվյալներով, 2016 թվականի վերջին ՀՀ միջազգային պահուստները կազմել են 2 200,3 մլն դոլար՝ տարվա ընթացքում աճելով 23,9 տոկոսով:   Դրանց կազմում ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները կազմել են  2 196,8 մլն., իսկ  փոխառության հատուկ իրավունքների  (SDR) չափը ԱՄՀ-ում՝ 3,5 մլն դոլար։