Եկեղեցուց պահանջեցին չմիջամտել կանանց գործերին (տեսանյութ)
Հայ ֆեմինիստական շարժման մի խումբ ներկայացուցիչներ Մարտի 8-ին կազմակերպեցին «Անկազմակերպ ինքնաբուխ երթ»՝ կոչ անելով հայ կանանց հրաժարվել տղամարդկանց կողմից պարտադրված պարտականություններից և միանալ իրենց՝ պայքարելու ընդդեմ ընտանեկան և պետական մակարդակի բռնության, սեռական ոտնձգության և հոգեբանական ճնշման: Երթի կարգախոսն էր «Ոչ բռնությանը և փողոցում, և տանը, ինչպես նաև «Ոչ պետությանը և իմպերիալիզմին»։
Ըստ երթի մասնակիցների՝ Մարտի 8-ը Հայաստանում և այլ երկրներում նշվում է ոչ թե որպես կանանց համերաշխության, ինքնակազմակերպման ու դիմադրության, այլ տղամարդու կենացների ու կարիքների շուրջ կենտրոնանալու օր:
Նրանց կարծիքով, պետական իշխանությունների, ընկերությունների, ֆինանսական կազմակերպությունների, ընդհուպ մինչև եկեղեցու գործելակերպը նպաստում է կանանց իրավունքների ոտնահարմանը և ճնշում իրենց ցանկացած ինքնադրսևորում և ինքնուրույնություն:
Իրենց երթը հայ ֆեմինիստները, որոնց շարքում էին նաև նույնասեռականներ, սկսեցին Հանրապետության հրապարակի շատրվանի մոտից և շրջեցին Երևանի բանուկ կենտրոնական փողոցներով։ Կանգնելով մի քանի հուշարձանների մոտ՝ երթի մասնակիցները փաստարկեցին, որ Հայաստանում ցանկացած հուշարձան ստեղծված է ռազմատենչ գաղափարներ փառաբանելու համար, իսկ այն հուշարձանները, որոնք նվիրված են կանանց, փառաբանում են միայն մոր և տնային տնտեսուհու կերպարները։
Երթի ընթացքում մասնակիցները փորձում էին քայլել փողոցների երթևեկող մասում, սակայն ուղեկցող ոստիկանները խոչընդոտեցին նրանց այդ մտահղացման իրականացմանը: Նշենք, որ անցորդների մոտ ճչացող և ֆեմինիստական կոչեր վանկարկող կանայք միայն ժպիտ էին առաջացնում, սակայն որոշ քաղաքացիներ զայրացան և պահանջեցին ցուցարարներին հեռանալ, երբ նրանք կաթողիկոսի երևանյան նստավայրի մոտ սկսեցին պահանջել եկեղեցուց չմիջամտել կանանց գործերին։
Երթին մասնակցում էր շուրջ 50 կին և մի քանի տղամարդ ՝ կանացի զգեստով և շպարով: Երթը ուղեկցվում էր թմբուկների և խոհանոցային պարագաների հարվածներով: