Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք պիտի ապաշնորհ տղամարդկանց ձեռքից վերցնենք իշխանությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
HVK

Հայաստանի կանանց 50-60 տոկոսը բարձրագույն կրթություն ունեցող կանայք են եւ նրանց պոտենցիալը բավականաչափ չի օգտագործվում։ «Հայկական վերածնունդ» կուսակցության երրորդ համարի ներքո հանդես եկող Հեղինե Բիշարյանն ընդգծում է՝ առաջիկա ընտրապայքարում կանայք լուրջ առաքելություն ունեն իրականացնելու։ «Մենք պիտի պայքարենք ու ապաշնորհ տղամարդկանց ձեռքից վերցնենք իշխանությունը, ոչ թե սփյուռքին պիտի ասենք՝ եկեք ներդրումներ կատարեք, այլ պիտի խլենք ապաշնորհ տղամարդկանցից ժողովրդից ու պետության գանձարանից խլած փողերը»։ Այս առաքելությունն իրագործելու համար «Հայկական վերածնունդը» տարբեր ընտրատեղամասերի վարկանիշային ցուցակներում կին թեկնածուներ է առաջադրել։ «Էս մեկ ամիսը, հավատացեք, մեր ընտանիքները կարող են առանց ճաշի յոլա գնալ, բայց մենք այնքան ուժեղ ենք, որ դա էլ ենք հասցնում, երբեք չի լինում, որ մեր ընտանիքները առանց ճաշի մնան»։ Մարիաննա Ֆրունջյանի ընտանիքում էլ տարաձայնություններ չեն եղել, երբ 4 երեխաների մայրը որոշել է առաջադրվել թիվ 2 ընտրատարածքում։ «Ամուսինս ժողովրդի կողմից սիրված Արամ Հովհաննիսյանն է, ունեմ 4 բալիկ։ Ընտանիքս կողքիս է կանգնած, որովհետեւ ուզում ենք մեր 4 երեխաները ապրեն եւ իրենց հմտությունները հետագայում օգտագործեն մեր երկրում»։ Մարիաննան ասում է՝ պարտության դեպքում 17 տարվա հոգեբանի պրակտիկան կօգնի հաղթահարել անհաջողությունը։ Գոհար Սահակյանն առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում; Ասում է՝ թիրախավորել է իր ընտրազանգվածին։ Իրեն ձայն չեն տալու մարդիկ, որոնք պատրաստ են վաճառել ձայները։ «Հաշվարկել ենք. Թե 5 տարվա կտրվածքով այն թվերը ՝ 30 հազար դրամը, որ ասում են մաքսիմալ գումարն է, եթե բաժանում ենք 5 տարվա օրերի վրա , որքան գումարի է օրական հավասար։ Եթե փորձեք մուրացկանին այդքան գումար տալ, նա այդ գումար կվերադարձնի»։ Կին թեկնածուները վստահ են՝ տղամարդկանց, ինչպես հաճախ լինում է, խանգարելու է տաքարյունությունը, իրենք հաջողություն են ունենալու, քանի որ ավելի համբերատար են ու հանդուրժող։