Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարձրաստիճան հոգևորականը քննադատում է իշխանությանն ու քաղաքական ուժերին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Voskan-srbazan

«Հայաստանում իշխանությունը կաշառքով է ընտրվում»,-«Ա1+»-ին ասում է Մայր Աթոռի Կարգապահական և շնորհաբաշխման հանձնաժողովի ատենապետ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը. «Ձևական ընտրությունը եղել է, ու շահել են»։ Դամասկոսի և Հունաստանի թեմերի երբեմնի առաջնորդը չի կորցրել կապը Հայաստանի հետ։ Հետևում է անկախացումից հետո այստեղ ստեղծված իրավիճակին։ Արձանագրում է՝ գաղջ մթնոլորտը ոչ մի կերպ չի առողջանում։ Դրան խանգարում է կնճիռների չհարթումը, դիցուք՝ մարտի 1-ի չբացահայտումը։ «Եթե բացահայտեին մարտի 1-ը, պետությունն ինքն իրեն պետք է մեղադրեր»,- արձանագրում է Ոսկան Սրբազանը։ Անկախ Հայաստանին ուղեկցող մեկ այլ արատ էլ կա։ Երեք նախագահների օրոք ճնշվեց ազատ խոսքը, իսկ ընդդիմադիրները հայտնվեցին բանտերում։ Այդ շարունակվում է մինչև այսօր, Գևորգ Սաֆարյանի օրինակով։ «Ովքեր որ ցույցեր են անում, ցույցերի ընթացքում վիրավորում, ու այդ համարվում է քրեական գործ, այո, կարող եմ ասել, որ այո, հնարավոր է, նրանք քաղաքական բանտարկյալներ են»։ Նրա տեսադաշտում է նաև Հայաստանի քաղաքական դաշտը։ Մտահոգված է՝ գաղափարական տարբերություն չկա ընտրության գնացող ուժերի միջև։ «Պարզապես պայքարը գնում է՝ սա շահի, թե նա շահի։ Քաղաքական ուժերը միայն ասում են՝ այս ռեժիմը գող ավազակ է, ռեժիմն էլ ասում է, որ հավատանք, որ փոխենք։ Բայց ոչ մի բան այդպես էլ չփոխվեց»։ Անհարթ չէ նաև քաղաքացի-եկեղեցի հարաբերությունը։ Հայ հոգևորականները գրեթե միշտ են բացակայում քաղաքացու առօրյա կյանքից։ Մեր այս դիտարկման հետ համաձայնվում է. «Հիմա մենք մեր քահանաներին փորձում ենք դանդաղորեն դաստիարակել, որ ժամանակն է, որ ոչ թե սպասեն ժողովուրդն առավոտյան պատարագի գա, այլ իրենք այցելեն ընտանիքներին»։ Նա անդրադառնում է նաև Բենթլի վարող և շքեղ կյանքով ապրող հոգևորականների հարցին։ Նման կյանքը որոշակիորեն պարտադրվում է։ «Ժողովուրդը չի ուզում բարձրաստիճան հոգևորականին տեսնել ժիգուլիի մեջ։ Եթե ես Երևանում մի տեղ ժիգուլիից իջա, հյուրանոցի ներսի աշխատողը չի գա դուռս բացի։ Բայց եթե տեսնի մերսեդեսով եմ գնում, կգա անմիջապես դուռս կբացի»։ Ոսկան սրբազանը հոգևորականներին կարգալույծ անող և աստիճաններ շնորհող հանձնաժողովի ատենապետն է։ Պնդում է՝ օբյեկտիվ չեն կարգալույծ եղած այն հոգևորականները, ովքեր հետո բողոքում են Կաթողիկոսից։  «Ինչ-որ տեղ Վեհափառը մեղմ է գտնվում։ Մենք ասել ենք Վեհափառ կարգալույծ արեք, ինքը կանչել է հոգևորականին, ասել է՝ քո մեղքի համար քեզ կարգալույծ անելը վատ է, դու քո հրաժարականը գրիր»,- պատմում է Ոսկան Սրբազանը։ Իսկ ինչպիսի Հայաստան է ուզում տեսնել հարցին, Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը պատասխանում է. «Ուզում եմ այնպիսի Հայաստան տեսնել, որտեղ դատարանը չեղարկում է նախագահի հրամանը, այնպես, ինչպես Ամերիկայում է»։