Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

250 հազար դրամ՝ հաշմանդամության կարգ ստանալու համար (տեսանյութ)

Հասարակություն
kasharq

Հաշմանդամության կարգ ստանալու համար սոցապ նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովների անդամները մինչեւ 250 հազար դրամ են պահանջում։ «Լոգոս» իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կարգը փոփոխելու համար եւս կաշառքի հատուկ  գներ են  սահմանված։ «Եթե մարդը  երրորդից երկրորդ կարգ պիտի ստանա, ասում են 30 000 դրամ բեր, երկրորդից առաջին դառնալու համար թվերը 50-80 հազար դրամով աճում են»։ Ընդ որում՝ գումարի պահանջն արդարացնում է նրանով, որ դրանք պետական վճարումներ են, մինչդեռ նման վճարներ գոյություն չունեն։ Ուսումնասիրությունը կատարվել է 2016 թ-ի հունիսից մինչեւ 2017 թ-ի հունվար։ Հարցումներն անցկացվել են հանրապետության 4 մարզերի 693 հաշմանդամների շրջանում։ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության  փորձագետ Անուշ Ստեփանյանը համամիտ չէ հետազոտության արդյունքների հետ, ասում է, իրենց հետ չեն համագործակցել։ «Գիտեք, ինձ ինչն  է զարմացնում, եթե իրենք այդ տվյալները ունեն, ինչու չեն դիմել համապատասխան մարմինների։ Դրանք անանուն հարցումներ են, դրանց հավաստիությունը որքան է»։ Մինչդեռ, «Լոգոս» -ի ներկայացուցիչներն ընդգծում են՝ իրավիճակը նույնն է պոլիկլինիկաներում, երբ քաղաքացիները դիմում են հաշմանդամության կարգ ստանալու համար անհրաժեշտ 088 ձեւը ձեռք բերելու համար։ Այս դեպքում գները տատանվում են 10- 30 հազար դրամի սահմաններում։ Արա Մելիքջանյանն ընդգծում է՝ ամեն ինչ սկսվում է նրանից, որ կարգի տրամադրման հստակ չափորոշիչներ չկան։ «Գործընթացն իրականացնում են  հանձնաժողովները, իսկ մարդկային գործոնի դեպքում սուբյեկտիվ մոտեցումը չի կարելի բացառել»։ Ուսումնասիրության արդյունքներն էլ ուղարկելու են բոլոր շահագրգիռ կառույցներին,  այդ թվում՝ սոցապ եւ առողջապահության նախարարություններ։