Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավագույն ուսանողները պարգևատրվեցին մեկանգամյա անվանական կրթաթոշակներով

Հասարակություն
unnamed-18

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Ուսանողներին ողջունել և մրցանակները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը նշել է, որ իր համար հաճելի պարտականություն է մասնակցել հանդիսավոր արարողությանը: «Յուրաքանչյուր տարի նաև ուսանողական մակարդակով մենք ամփոփում ենք կատարված աշխատանքը, և այսօր պատիվ ունենք լավագույն ուսանողներին պարգևատրել մրցանակներով: Նման հանդիսությունները նաև առիթ են` անդրադառնալ ոլորտի ձեռքբերումներին և գնահատանքի խոսք հղել այն համակարգին, որի գործունեության շնորհիվ երիտասարդները ստանում են մասնագիտական լուրջ կարողություններ: Սովորելով տարբեր բուհերում` դուք ստանում ենք ոչ միայն անհրաժեշտ մասնագիտական կրթություն, այլ նաև ՀՀ բուհերի վկայական: Իմ խորին համոզմամբ՝  տվյալ երկրի կրթական համակարգն ապահովում է տվյալ տեսակի շարունակական զարգացումը, այսինքն՝ ՀՀ-ում ձևավորված միջավայրի արդյունք եք դուք` իբրև ապագա մասնագետներ: Կլինեք ֆիզիկոս, բժիշկ, հումանիտար, մշակութային մասնագիտությունների կրող, դուք  նախևառաջ հայ ժողովրդի տեսակի շարունակությունն ապահովող մասնագետներ եք: Այս իմաստով դուք ունեք մեծ առաքելություն: Այստեղ իրենց ներդրումն ունեն նաև ՀՀ բուհերի ռեկտորները, ովքեր տարիներ շարունակ այս առաքելությամբ են առաջնորդում մեր կրթագիտական միտքը: Մեր նման փոքր ժողովուրդները, որոնք ունեն մեծ մարտահրավերներ, ունեն մեկ պատասխան՝ դա իրենց ինտելեկտուալ պատասխանն է: Աշխարհի որ երկրում էլ մասնագիտական գործունեություն ծավալեք, նախ հիշեք, որ ունեք այս մեծ պարտականությունը»,-ընդգծել է նախարարը: Նշենք, որ արդեն չորրորդ տարին «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթա¬թոշակ¬ների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները և մրցույթի մասնակցության հայտի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն` անցկացվում է մրցույթ՝ ներբուհական և (միջբուհական) հանրապետական փուլերով, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով: Մրցույթն անցկացվում է ըստ հետևյալ ոլորտների՝ բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ), բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն,  ճարտարագիտություն, հայագիտություն, մշակույթ-սպորտ: Ներբուհական փուլն իրականացվում է բուհերում, որի արդյունքում ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացվում մրցույթի առաջին փուլի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով և ըստ ոլորտների մեկակական հաղթողների փաստաթղթերը: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվում է հանրապետական մրցույթային հանձնաժողով, որն ամփոփելով բուհերի կողմից ներկայացված փաստաթղթերը` որոշում է կայացնում ըստ աստիճանների և ոլորտների հաղթողներին: Մրցույթի հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների քանակի հիման վրա, որտեղ հաշվի է առնվում ներկայացված թեկնածուի ուսման առաջադիմությունը, գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը (բացառությամբ մշակույթ-սպորտ ոլորտի, որտեղ հաշվի են առնվում ուսման մեջ մասնագիտական ձեռքբերումները՝ ցուցահանդեսներ, մրցույթներ) և հասարակական ակտիվությունը: 2016 թվականի մրցույթում հաղթող է ճանաչվել 37 ուսանող`  ըստ կրթական աստիճանների և ոլորտների: Մրցույթի հաղթողները պարգևատրվում են հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարի սահմանած մեկանգամյա անվանական կրթաթոշակներով` 1-ին տեղ` 450.000, 2-րդ տեղ՝ 300.000 և 3-րդ տեղ՝ 204.500 դրամ: