12 հոգի՝ մեկ տանը. պատրաստվում են կարուսելի՞ (տեսանյութ)
Երևանի Բուռնազյան 29 հասցեում բնակվող Լյովա Բոզիկյանը պարզել է, որ ինքը տան միակ անդամը չէ։ Իր հետ այս հասցեում գրանցված է ևս 11 հոգի։ «Ստեղ մենակ ես պիտի գրանցված լինեմ, ուրիշ ոչ ոք: Գևորգյան Կիմա Կարենի... Ճանաչո՞ւմ եք Կիմային, չէ»,- ասում է Լյով Բոզիկյանը։ Անծանոթ անունների կողքին Բուռնազյան 29 հասցեում են գրանցված նաև իր հարազատները։ Վերջիններս, սակայն, երկար ժամնանակ է՝ այլ պետության քաղաքացիներ են։ «10 տարի է, էստեղ չեն, 10 տարի Հայաստանից բացակայում են։ Իսկ Հայաստանի քաղաքացիություն ունե՞ն։ Ունեցել են, բայց հիմա՝ ոչ։ Հիմա ապրում են Ռուսաստանում».- հայտնեց նա։ Անծանոթ բարեկամների մասին պարզել է դեռ տարիներ առաջ։ Ու ամեն անգամ ընտրության գնալով՝ նրանց ընտրացուցակներում է տեսել՝ իր հետ նույն հասցեում։ Անօգուտ են անցել նաև բարձրաձայնումները։ «Դիմել եմ պասպորտսեղան, ասել եմ իմ տան վրա գրանցված են, ասեց հնարավոր չի։ Ես թողել եմ եկել՝ նույն պատմությունը՝ էսա...»։ Լյովա Բոզիկյանը հույս ունի գոնե այս հրապարակումից հետո «անկոչ հյուրերը» կհանվեն գրանցումից։ Չնայած նաեւ մտավախություն ունի, որ այդ ամենը տեղի չի ունենա մինչեւ ապրիլի 2-ը. «Ընտրությունների վրա է, ուրիշ ոչ մի բան, գրանցել են, որ շատ թվաքանակ ունենան։ Այստեղից այնտեղ տեղափոխեն, էնտեղից էնտեղ տեղափոխեն։ Էդ ա մեր հայկական ձևը՝ կարուսելը»։ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունից պարզաբանեցին՝ Լյովա Բոզիկյանին անծանոթ քաղաքացիները հնարավոր է այս հասցեով հաշվառվել են դեռ 80-ականներից։ Սակայն վերջնական պատասխան տալու համար իրենց անհրաժեշտ են լրացուցիչ փաստաթղթեր։ Ոստիկանությունը Լյովա Բոզիկյանին խորհուրդ է տալիս գրավոր դիմել տարածքային անձնագրային բաժին՝ մյուսներին հաշվառումից հանելու համար։