Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ երազել է Մարտիրոս Սարյանը (տեսանյութ)

Մշակույթ
saryan

«Երբ առաջին անգամ նրա արվեստանոցը մտա, լույսի ու արևի ծիածանագույն լուսահեղեղ թափվեց վրաս: Լեռների երկիրն ընկա՝ արևի ու հրի, հասուն մրգերի և արևամուտի շողերով ողողված։ Նկարիչը, նկարակալի առաջ կանգնած, վրձնահարվածներ էր տեղում, թեթևակի խփում կտավին, և նոր կրակներ էին ցոլում: Նորից էր խփում, և բռնկվում էր մի նոր վառ բիծ… Մինչդեռ նա նկարում էր ընդամենը… նատյուրմորտ»,- այսպես է բնութագրել Մարտիրոս Սարյանին Վասիլի Օսոկինն իր «Մոլեգին նկարիչը» էսսեում: «…Ուրախ եմ, որ Երևանը կառուցվում է և վերածվում մայրաքաղաքի: Ես նույնպես երազում եմ կառուցել մի տնակ ու արվեստանոց, նույնիսկ մի առանձին փոքրիկ պատկերասրահ՝ իմ գործերի համար»,- գրում էր Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով Նոր-նախիջևանից իր ընտանիքի հետ Խորհրդային Հայաստանում բնակություն հաստատած Մարտիրոս Սարյանը՝ Ռուբեն Դրամբյանին ուղղված իր նամակներից մեկում: 1932-ին Ալեքսանդր Թամանյանի հատակագծով կառուցվեց երկհարկանի առանձնատուն, որի պատշգամբից բացվում էր հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռն ու Սուրբ Զորավոր եկեղեցին: 1967-ին տանը կից կառուցվեց թանգարանային հատվածը: Թանգարանի գեղարվեստական ֆոնդի ստեղծման հիմքը դարձան նկարչի նվիրաբերած 50 կտավները։ Հետագայում ֆոնդերն ընդլայնվեցին գնումների և նվիրատվությունների շնորհիվ: Այսօր ֆոնդերի ընդլայնման համար մեծ գումարներ են հարկավոր, և թանգարանն ի զորու չէ նման խնդիրներ լուծել»,- ասում է տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը: Երեք տարի տևած վերանորոգման աշխատանքներից հետո տուն-թանգարանը վերաբացվեց: Շենքը տեխնիկապես վերազինվել է, նոր ցուցասրահներ են բացվել: Սարյանի ընտանիքը ավելի քան հարյուր նոր ցուցանմուշ՝ կահավորանք և անձնական իրեր է նվիրել թանգարանին: 300-ից ավելի կտավներից կազմված մշտական ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ստեղծագործական բոլոր շրջանները՝ 16 տարեկանում կատարված առաջին գծանկարներից մինչև կյանքի վերջին տարիներին ստեղծված աշխատանքները։ Տարվում է գիտական աշխատանք՝ հրապարակվում են նրա հուշերը, ձեռագրերն ու նամակները, կազմվում է աշխատանքների լիակատար կատալոգը:  «Ես չգիտեմ՝ երբ է իմ մեջ ծնվել նկարիչը»,- գրում էր Մարտիրոս Սարյանը: Հնարավոր է՝ այն օրերին, երբ լսում էի իմ ծնողների պատմությունները՝ մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին։ Գույն, լույս, երազանք ահա այն ինչ ես երազել եմ»: Այսօր Վարպետի ծննդյան օրն է: