Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարտավոր ենք օգնել Հայաստանին, բայց ոչ՝ Արցախին. Սկակով (տեսանյութ)

Քաղաքականություն
media1

Քառօրյա պատերազմի վերսկսումն ամեն վայրկյան հնարավոր է, քանի որ Ադրբեջանն այլեւս չի ուզում նստել բանակցությունների սեղանի շուրջ, նա այլ տարբերակ է մտածել: «Ադրբեջանն  ուզում է փոխել  ստատուս  քվոն:  Մենք պետք է հասկանանք, որ սեղանի շուրջ այլեւս չենք վերադառնալու, դրա համար էլ պետք է նրանց պատասխանենք ավելի հզոր հակահարվածով: Դա կարող է լինել մեր երկրի ներքին խնդիրների լուծումը եւ արտաքին հարաբերությունների ամրապնդումը»,- կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Տարածաշրջանում լարված  իրավիճակը կարող է հանդարտվել մի շարք շահագրգիռ պետությունների ձեռքով, սակայն մեծ տեղաշարժեր ու կտրուկ գործողություններ երբեք չեն նկատվել. «Մինսկի խումբը աշխատանքներ է տանում, զբաղվում է այդ հարցով, բայց ոչ մի օպտիմիզացիա, այդ գործողություններից չի լինում»,- ասում է ՌԴ Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը: «Եթե Մինսկի խումբը ուզում է հասնել արդյունքի, ապա պետք է սկսի ավելի հասցեական խոսել: Անհասցե հայտարարությունները միայն հավելյալ ստիմուլ են տալիս Ադրբեջանին»,- հավելում է Ստեփան Գրիգորյանը: Ամենաարդյունավետն ու արագը խնդիրը կարող է լուծել Ռուսաստանի Դաշնությունը: Սակայն այդ պետությունը  չի շտապում կոշտ քննադատություններով հանդես գալ; «Ադրբեջանին ոչ ոք չի կարողանում կանգնեցնել: Այդ անգործությունն ու Ադրբեջանի նկատմամբ պատժի բացակայությունը ավելի է սրում իրավիճակը»,- նկատում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Ռուս քաղաքագետը փորձում է արդարացնել իր երկրի գործողությունները: Մոսկվան ծանր վիճակում էր, ասում է նա, քանի որ հավասարապես լավ հարաբերություններ ունի եւ Երեւանի, եւ Բաքվի հետ: Հայ փորձագետները այս դիտարկումը չեն ընդունում: «Հայաստանին և Ադրբեջանին պետք չէ դնել նույն հարթության վրա: Հայաստանը ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի անդամ է, բայց Ադրբեջանը չի անդամակցում այդ կառույցներին: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, Ադրբեջանը՝ ոչ: Եվ այս տարբերությունը Մոսկվան պետք է հստակ դնի»,- նշում է Ստեփան Գրիգորյանը: Ալեքսանդր Սկակովը նրա հետ համամիտ է, բայց հորդորում է մի հարցի ուշադրություն դարձնել. «Մոսկվայի հարաբերությունները Երեւանի հետ են, ոչ թե Ստեփանակերտի, մենք ռազմական գործողություններում պարտավոր ենք օգնել Հայաստանին, բայց ոչ Արցախին»: Երկրի սահմանը անառիկ պահելու համար, մասնագետների կարծիքով, լավագույն միջոցը ոչ թե այս կամ այն պետության աջակցության սպասելն է, այլ հզոր ու մարտունակ բանակ ստեղծելը ու հույսը միայն նրա հետ կապելը: