Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Շիրխանյանին հետազոտում են

Քաղաքականություն
Vahan-Shirxanyan1

Նորքում զինված խմբի գործով կալանավորված Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը դեռ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, եւ անընդհատ հետազոտություններ են անցկացվում: «Վերջնական ախտորոշումը մեզ դեռ հայտնի չէ»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:  Պաշտպանական կողմը բավականին երկար ժամանակ էր բարձրաձայնում Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վատթարացման մասին, սակայն «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող պաշտպանության նախկին փոխնախարարը համապատասխան հետազոտություն եւ բուժում չէր ստանում:   Վահան Շիրխանյանի առողջության հետ կապված   Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարությանը հարցեր է ուղղել, որոնց պատասխանելու համար  կառավարությանը մինչեւ փետրվարի 22-ը ժամանակ էր տվել: Պաշտպանը  ցավով է նշում, որ    Վահան Շիրխանյանին հիվանդանոց տեղափոխելը կապված էր հենց ՄԻԵԴ-ի՝ կառավարությանն ուղղված հարցերի հետ: «Մարդուն բուժելու կամ հետազոտելու համար անհրաժեշտ է, որ ՄԻԵԴ-ը հարցեր ուղղի: Իրենք ոչ լսում են, ոչ տեսնում են: Պետք է Եվրոպական դատարանի միջամտությունը, որ տեսողությունը կամ լսողությունը ադեկվատ դառնա»,- ավելացրեց պաշտպանը:  Հայկ Ալումյանի խոսքերով՝ եթե այդ միջամտությունը չլիներ, ապա Վահան Շիրխանյանը կամ տեղափոխված կլիներ «Արմավիր» ՔԿՀ, կամ կշարունակեր մնալ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ խցում:  Վահան Շիրխանյանը ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի եւ չի կարողանում նույնիսկ ինքնուրույն տեղաշարժվել: