Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանը տեղյակ է ընդդիմության պլաններից (տեսանյութ)

Քաղաքականություն
galust-2

Գալուստ Սահակյանն ամենեւին չէր ցանկանա, որ իր որդին՝ Արման Սահակյանը, քաղաքական գործիչ լինի, բայց նա առաջին անգամ չէ, որ դառնում է պատգամավոր. «Եվ իմ տղան, եւ մյուսի տղան, եւ բոլորի երեխաները էս պետության մարդիկ են եւ պիտի աշխատեն ինչ-որ տեղ»: Գալուստ Սահակյանը հպարտ է նրանով, որ որդին առաջադրվում է: Նրանք, որ աղմուկ են բարձրացնում, ուզում են պարզապես մեղադրել հորը. «Սկզբնական շրջանում իհարկե էդպես շատ մտածում էի, թե սա ինչ բան է, հետո հասկացա, որ մեր քաղաքական կյանքն էդպիսին է՝ եթե դու ամենալավն ես, փորձում են ամենավատը դարձնել»: Խորհրդարանի ղեկավարը հույս ունի, որ այստեղ կաշխատի ըմբռնումը, առաջադրված է ոչ միայն որդի, այլեւ հայր Սահակյանը. «Մի մասը կհասկանա, ինձ կքվեարկի, մի մասն էլ չի հասկանա, ուրիշին կքվեարկի»: Խորհրդարանի ղեկավարն ամենեւին չի անհանգստանում, որ ռեյտինգային ընտրակարգով քվեարկությունը գուցե անհասկանալի է ժողովրդի համար: Ավելին, ըստ նրա, ընդհանրապես խնդիր չկա. «Տեղական ընտրություններում փորձարկեցինք, շատ հանգիստ ազատորեն մարդիկ մոտենում, քվեարկում էին»: Պարոն Սահակյանն ընտրողին հիշեցնում է, թե ինչպես պետք է քվեարկել՝ մտնում եք ընտրատեղամաս, վերցնում եք քվեաթերթիկը եւ անցնում գործի. «Քվեաթերթիկ, որը ինքը բացում է, հետեւի էջի վրա ում որ ցանկանում է, նրա մոտ նիշ է անում, չի ցանկանում, չի անում, միայն քվեաթերթիկն է քցում, դա էլ էլի կուսակցությանը ձայն է»: Ի դեպ, պարոն Սահակյանը կանխատեսում է, որ խորհրդարան կանցնի 5 քաղաքական ուժ, սակայն չի ասի, թե որոնք են. «Հենց ասեմ ովքեր են, անմիջապես կսկսեն խոսել, տեսեք՝ սա սրա հետ ինչ-որ մի բան է արել, նրանք սրանց հետ ինչ-որ հարաբերություններ ունեն»: Ինքը չի ասի, որ Հանրապետականը ընտրություններում առաջին տեղն է գրավելու, ինքը մի քիչ այլ բան կասի՝ դա որոշելու է քարոզչության որակը: Չնայած դրան, կուսակցությունը պատրաստ չէ զիջել իշխանությունը. «Որեւէ քաղաքական իշխանություն երբեք չի զիջում իշխանությունը, մանավանդ վերջին հաշվով այդ մարդիկ գտնում են, որ ինչ-որ մի բան արել են էս պետության համար եւ շարունակելու խնդիրներ ունեն»: Խորհրդարանի ղեկավարը տեղյակ է ընդդիմության պլաններից, որն ասում է՝ գնացեք, մենք գանք: Սակայն ներկայացնում են մի ծրագիր, որի վրա նայելով Գալուստ Սահակյանը եզրակացնում է. «Չէ, ըստ երեւույթին, նոր քաղաքական ուժեր չեն առաջանում»: