Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե Սեյրան Օհանյանի մասնակցությամբ չարաշահումներ հայտնաբերի, իրավապահներին կհայտնի (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-97

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կանի ամեն ինչ Սերժ Սարգսյանի խոսքը կատարելու համար։ Նրա խոսքով՝ իր ՀՀԿ-ական լինելը զինվորների ուղղորդման պատճառ չի դառնա։ «Բանակում չի լինելու քաղաքական կուսակցությունների գործունեության զարգացում, ինչպես չի եղել նախորդ ընտրություններում»։ Վիգեն Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ-ի համամասնական ցուցակը։ Ինքն անհարմար չի զգում օդիոզ դեմքերի հետ նույն թիմում լինել։  «Ես իմ բոլոր կուսակից գործընկերներին վերաբերվում եմ խորը հարգանքով»։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կգլխավորի ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «ՕՐՕ» դաշինքը։ Վիգեն Սարգսյանը մտավախություն չունի, որ բանակի մի մասը կաջակցի նրան։ «Մտավախություն ունենալը կատեգորիա չի։ Ամեն մեկը կներկայացնի իր ծրագիրը, և ամեն քաղաքացի կհասկանա, որ ծրագրին ու անձին է նախընտրություն տալիս»։ Սեյրան Օհանյանը դեմ է եղել իր տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի՝ պաշտոնից ազատմանը։ Նախկին նախարարը պնդել է՝ կոռուպցիան այդտեղ չէր։ Վիգեն Սարգսյանն այսպես է մեկնաբանում. «Եթե նախկին նախարարը դեմ է եղել, որ իր տեղակալն ազատվի աշխատանքից, ինքը պետք է դրա մասին հայտարարեր ազատվելու պահին»։ Մամուլն այս օրերին գրում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու իշխանության մտադրության մասին։ Վիգեն Սարգսյանը նախարարությունում հանդիպե՞լ է նախկին նախարարի կողմից չարաշահումների հետքերի։ «Եթե ես տեսնեմ այն խախտումը, որը որ քրեականորեն հետապնդվող է, անպայման իրավապահ մարմինները դրա մասին կիրազեկվեն»։ Վիգեն Սարգսյանը մարտի 5-ից ակտիվորեն կներգրավվի քաղաքական պայքարում։ Իր պնդմամբ՝ դա պարտականությունների կատարման հաշվին չի լինի։ «Բավական ժամ կա, որ իմ պարտականություններից բացի զբաղվեմ այն գործով, որ որպես առաջին համար պարտավոր կլինեմ կատարել քարոզարշավի ընթացքում»։ Այս գիշեր հակառակորդի կրակը ճնշելիս մարտական դիրքում մահացել է զինծառայող Գոռ Խուդինյանը։ Նախնական տվյալներով՝ փամփուշտը պայթել է զենքի փողում։ «Ցանկացած զենքի հետ միջադեպեր կարող են լինել»։ Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «1000 դրամ»-ի օրենքը։ Գումարն արդեն հավաքվում է, բայց դեռ որևէ զինծառայողի վրա այն չի տարածվել։ «Այս պահին վճարում չկա, քանի որ հոգաբարձուների խորհուրդը դեռ պետք է ձևավորվի»։ Շուրջ 200 զինծառայողի պարագայում ապրիլյան պատերազմին մասնակցելու նշման վրա անվավերի կնիք էր դրվել։ Իրենք ուսումնասիրել են բողոքներն ու միայն 4-ից 5- դեպքում ուղղում մտցրել։  «Բոլորն ուղղվող է, մենք չենք խոսում մի թվի մասին հատ առ հատ հնարավոր չի նայել։ Կա գործիք՝ խնդիրը լուծելու»։ Ապրիլին Թալիշում վիրավորված զինծառայող Ռոլանդ Սահակյանն այսօր սայլակով նախարարի մասնակցությամբ միջոցառման առաջին շարքում էր։ Իսկ օրեր առաջ նա բաց նամակով բողոք էր արտահայտել՝ ի ցույց դնելով իր նկատմամբ անտարբերությունը։ «Եթե ինքը սրտնեղում է, ուրեմն դա մեր աշխատանքի երևի թե բացթողումն է»,- ասում է Վիգեն Սարգսյանը։ Պաշտպանության նախարարն այսօր Բժշկական համալսարանում էր։ Եկել էր ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման։