Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թղթի վրա և իրականում. «Գիշերօթիկները չպետք է փակվեն» (տեսանյութ)

Հասարակություն
txti-vra-eu-irakanum

«Գիշերօթիկները պետք է փակվեին, դա միանշանակ է, դրանք նախատեսված էին առանց ծնողական խնամքի մնացած, սոցիալապես անապահով ընտանիքների եւ մտավոր խնդիր ունեցող երեխաների համար։ Դա ժամանակավոր աջակցության ձեւ էր, որ տրամադրվում էր սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի այդ ընտանիքները  կարողանան ոտքի կանգնել»։

Այս մասին «Թղթի վրա եւ իրականում» հաղորդաշարի ընթացքում նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների բաժնի պետ Լենա Հայրապետյանը։ Նրա դիտարկմամբ, դրանք ժամանակավոր էին եւ պետք է փակվեին, քանի որ հակասում էին երեխայի՝ ընտանիքնում ապրելու իրավունքի իրացմանը։

«Գիշերօթիկներում գտնվող երեխաների ընտանիքներն անընդհատ պետության ուշադրության կենտրոնում էին, նրանք նպաստառու էին։

Նրանց կարիքներն անընդհատ ուսումնասիրվում էին, եւ եթե հնարավոր էր փոքր աջակցության միջոցով երեխային ընտանիք վերադարձնել, ապա պետք էր նման ծրագրեր իրականացնել»։ «Երեխաների իրավունքների պաշտպանության» հիմնադրամի նախագահ Կարինե Անտոնյանը գտնում է, որ գիշերօթիկ հաստատությունները պետք է լինեն։

«Անգամ խորհրդային տարիներին, երբ չկար այսօրվա ծավալներին հասնող գործազրկության մակարդակ, չկար սոցիալապես անապահով ընտանիքների մեծ զանգված, այդուհանդերձ, կային գիշերօթիկ դպրոցներ, ինտերնատներ։ Մինչդեռ հիմա դեռեւս բոլոր հարցերը չէ, որ լուծված են եւ լուծված են այնպես, որ կարելի էր այդ դպրոցները փակել։ Կարծում եմ, եթե խորհրդային երկրում կային նման հաստատություններ, ապա հիմա մեզ մոտ դրանք անհրաժեշտություն են»։