Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը՝ ՀՀ բնակչության, ընտրողների և արտագաղթածների թվի մասին

Պաշտոնական
police-1

Զանգվածային լրատվության միջոցներով շրջանառված «Կամ իշխանությունները մեզ բոլորիս էշի տեղ են դնում, կամ Հայաստանից այս տարիներին միայն երեխաներ են արտագաղթել» վերտառությամբ տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում այս պահին կա 2 մլն 564 հազար 334 ընտրող։ Եվ սա այն դեպքում, երբ ԱՎԾ-ի վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում մշտական բնակիչների թիվը կազմում է 2 մլն 993 հազար 900 մարդ։ ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Ինչ վերաբերում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված մշտական բնակչության թվաքանակին, ապա այն չի ներառում մեկ տարուց ավելի բացակայողների տվյալները: Եթե վիճակագրական ցուցանիշներում ներառվեն նաև այն անձանց տվյալները, ովքեր մեկ տարուց ավելի ժամկետով բացակայում են իրենց բնակության վայրերից, կունենանք անհամեմատ ավելի մեծ ցուցանիշ: ՀՀ ոստիկանությունը որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին՝ իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներից: Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով: