Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը հերքում է, թե պետական համակարգը կաշխատի ՀՀԿ-ի օգտին (տեսանյութ)

Քաղաքականություն
aramyan-1

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հերքում է  լուրերը, թե պետական համակարգը աշխատելու է ՀՀԿ-ի օգտին. «Ես ձեզ վստահեցնում եմ` նման բան չկա»,- ասաց Վարդան Արամյանն ու հավելեց, որ քարոզչությամբ չի զբաղվելու. «Ես անելու եմ իմ աշխատանքը, որովհետեւ ես 150 հոգանոց ցուցակի մեջ չկամ: Ինձ տրված է այլ դերակատարություն»: Լավագույն աշխատանքը, ըստ նախարարի, տված խոստումների իրականացումն է: Վարդան Արամյանը լրագրողների խնդրանքով հիշեց նաեւ երեք նախընտրական խոստում, որ տվել եւ կատարել է Սերժ Սարգսյանը. «Օրինակ՝ բնակարան երիտասարդներին ծրագիրը, տնտեսական կառուցվածքի փոփոխությունները, կենսաթոշակային բարեփոխումները»: Անդրադառնալով Վիճակագրական ծառայության կողմից տարվա առաջին ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշների հրապարակմանը՝ նախարարը նշեց, որ  դրանք դրական ընթացք են խոստանում: «Հնարավոր է` գերազանցեք 3,2 տոկոս ՀՆԱ-ի աճի ցուցանիշը: Կարծում եմ, որ առնվազն 3,2 տոկոս ապահովելու ենք: Առաջին ամսում մենք ունեցել ենք 6,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ես կարծում եմ, որ դա հաղթահարել է 3,2 տոկոսը: Եթե արտաքին աշխատանքից ցնցումներ չլինեն, մենք մի փոքր ավելի բարձր ցուցանիշ կունենանք»,- ասաց Վարդան Արամյանը եւ հավելեց, որ  հաջորդ տարի կարող ենք հավակնել 4-5 տոկոս տնտեսական աճի: