Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ներդրումներ. ծխախոտ, բարձրակարգ վարդեր, փաթեթավորման նյութեր

Քաղաքականություն
roseUetersen

Կառավարությունն ընդունել է նաև ներդրումային ծրագրի շրջանակում «Ռոյալ Ռուս»,  «Ավալանժ»,  «ԱՆԴ» «Վիսավտ» ՍՊԸ-ների կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին որոշումներ: «Ռոյալ Ռուս» ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում զբաղվել ծխախոտի արտադրությամբ։ Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 0,5 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 205 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ: «Ավալանժ» ընկերությունը նախատեսում է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում զբաղվել ջերմոցային տնտեսությամբ՝ բարձրակարգ վարդեր աճեցնելու նպատակով։ Ընկերությունը նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 160 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 47,5 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 20 աշխատատեղ: «ԱՆԴ» ընկերությունը նախատեսում է զբաղվել այգեգործությամբ (խնձորի այգիներ) և մեղվաբուծությամբ: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 37,9 մլն ՀՀ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 28,3 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 36 աշխատատեղ: «Վիսավտ» ընկերության նպատակն է ԼՂՀ, Շահումյանի շրջանի Թարթառ գետի վերին հատվածում կառուցել 1,2 ՄգՎտ փոքր հիդրոէներգոկասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրաէներգիա: Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 4,6 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 1 մլրդ ՀՀ դրամ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 20 աշխատատեղ: Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ «Ֆիկուս պակս Սի Այ Էս» ՍՊԸ-ին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՈ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն՝ նորարական տեխնոլոգիաներով փաթեթավորման նյութերի արտադրության իրականացման համար: Նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ արտադրությունը կազմակերպելիս մաքսիմալ կնվազեցվի բնությանը հասցվող վնասները՝ կրճատելով անցանկալի անտառհատումները և թունավոր արտանետումների ծավալը։ Նախատեսվում է, որ ծրագրի առաջին տարում արտահանման ծավալը կկազմի մոտ 1,3 մլն ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում`  շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են` ԱՄԷ, Հնդկաստան, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ։ Ծրագրի շրջանակում (5 տարում) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար։ Առաջին տարում կստեղծվի 5 նոր աշխատատեղ` 200 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով, իսկ 5-րդ տարում՝ ավելի քան 20 նոր աշխատատեղ։