Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդվարդ Նալբանդյանի սուտը Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մասին. Սուտ.am (տեսանյութ)

Քաղաքականություն
sut-1

Ներկայացնում  ենք ապատեղեկատվության կանխմամբ զբաղվող Սուտ.am կայքի նոր հրապարակումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գերմանական Deutsche Welle գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր 2013 թվականին Մաքսային միությանը (այնուհետև՝ Եվրասիական Տնտեսական Միությանը) անդամակցելու Երևանի որոշմանը, որը ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի տապալման պատճառ դարձավ: Նալբանդյանը պարզաբանելով Deutsche Welle-ի մեկնաբանությունն առ այն, որ Եվրամիության հետ Հայաստանի նախորդ համաձայնագրի ստորագրման ձախողումը համընկավ Հայաստանի նախագահի Ռուսաստան կատարած այցի հետ՝ նշել էր, որ դա այնքան էլ այդպես չէ: «Մենք վարում էինք բանակցություններ և փաստացի գտնվում էինք ԵՄ հետ ասոացացման համագործակցության (վերաբերյալ բանակցությունների) վերջնական փուլում: Միաժամանակ մենք միշտ հայտարարել ենք, որ Հայաստանը կցանկանար լինել Մաքսային միության կազմում…»: Ըստ նախարարի, Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին ու ԵԱՏՄ-ին հնարավոր չէր ընդհանուր սահման չունենալու պատճառով, սակայն փորձագետների օգնությամբ այս խնդիրը լուծվեց։ Սակայն, Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը իրականության ու գոյություն ունեցող փաստերի հստակ խեղաթյուրում է: Դեռևս 2013 թ. մարտի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս կապակցությամբ նշել էր, որ․ «Խորը, ազատ և համապարփակ առևտրի գոտու պայմանագիրը գրեթե ավարտելու վրա ենք և տա Աստված մեզ կարողություն, որպեսզի այս տարի ավարտենք և ստորագրենք:» Այնուհետև, Սարգսյանը նաև հավելել էր․ «Հայաստան է ժամանելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը, և Հայաստանի կառավարությունը ամենայն հավանականությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ ստորագրելու է հուշագիր համագործակցության մասին:» Փաստորեն Սերժ Սարգսյանը 2013-ի մարտին հստակ մատնանշում է, որ Հայաստանը այդ պահին ուներ միայն մեկ ցանկություն՝ ասոցացվել ԵՄ-ի հետ, իսկ ԵԱՏՄ մասով խոսվում է զուտ համագործակցության շուրջ հուշագրի մասին: 2013թ․-ի օգոստոսի վերջին Հայաստանի Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հարցազրույց էր տվել «Արմնյուզին», որի ընթացքում բազմաթիվ փաստարկներ էր բերել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու անցանկալիության մասին: Շավարշ Քոչարյանը նաև հստակ մատնանշել էր, որ Հայաստանը գիտակցում է, որ Մաքսային միությանը միանալու դեպքում չի կարող միանալ այլ ազատ առևտրի գոտու, իսկ Հայաստանին ներդրումներ գրավելու համար առավել գրավիչ է ասոցացումը Եվրոպական միության հետ: Փոխնախարարն անգամ հայտարարել էր, որ «եթե դու մտնում ես մաքսային միություն, դու արդեն սուվերեն չես»: Սերժ Սարգսյանի և Շավարշ Քոչարյանի վերոնշյալ հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ նախքան 2013 թ. սեպտեմբերը պաշտոնական Երևանը բնավ ցանկություն չուներ միանալու Մաքսային միությանը, հետևաբար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, մեղմ ասած, չի արտացոլում իրականությունը: