Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախընտրական շրջանը չի ազդել ներդրումների վրա. նախարար

Քաղաքականություն
suren

Վիճակագրական ծառայությունն օրեր առաջ նախնական թվեր է հրապարակել  տնտեսական ցուցանիշների վերաբերյալ: Այսօր կառավարության նիստից հետո տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտնեց, որ հրապարակված ցուցանիշները շատ ոգեւորիչ են, որովհետեւ նախորդ տարվա հունվարի նկատմամբ արձանագրվել է 35 տոկոս արտահանման աճ: «Ոգեւորիչ է նաեւ, որ կա արդյունաբերության 12 տոկոս աճ։ Այն նախադրյալները, որոնք ստեղծում էինք, հիմա արդեն այդ ցուցանիշները թվերով արտահայտվում են»,- նշեց նախարարը։ Սուրեն Կարայանը վստահեցրեց, որ թվերը դրական ազդեցություն կունենան նաեւ ՀՆԱ-ի աճի վրա. «Դեռ տարին նոր է սկսվել, մեր կանխատեսումները կայանում են նրանում, որ տարեվերջին 6-7 տոկոս արդյունաբերության աճ կապահովենք, տարեկան կտրվածքով առնվազն 20 տոկոս արտահանման աճ կարձանագրենք»,- ասաց Սուրեն Կարայանը։ Հարցին, թե արդյո՞ք ներկայացված ցուցանիշներից ելնելով հնարավոր է կանխատեսել խոստացված 3.2 տոկոս տնտեսական աճի ապահովումը, նախարարն ասաց, թե դեռ վաղ է կանխատեսումներ անել. «Բայց այն 3.2 տոկոսը, որը դրվել է պետբյուջեի հիմքում, դա կապահովվի»: Կարայանը վստահեցրեց նաեւ, որ նախընտրական շրջանը չի ազդել ներդրումների վրա: Հարցին, թե արդյո՞ք նախարարը կաշխատի ՀՀԿ-ի համար, նա պատասխանեց. «Մենք երկրի օգտին ենք աշխատում, լավ աշխատանքով ենք աշխատում, արձանագրում ենք  այս ցուցանիշները»: