Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պրոբացիայի ծառայության աշխատանքներում կամավորներ կներգրավվեն

Հասարակություն
karav

ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը,  սահմանվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը: Ըստ այդմ՝ կարգավորվում են նաև որպես կամավոր ներգրավվելու ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, լիազորությունների դադարեցման և դադարման հիմքերը: Պրոբացիայի ծառայության կամավորների ինստիտուտի շրջանակում վերջիններս կփորձեն սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական ծրագրեր իրականացնելու միջոցով նպաստել հանցանք կատարած անձանց վերասոցիալականացմանը և խթանել հասարակության մեջ նրանց վերաինտեգրմանը: Արդյունավետ վերասոցիալականացումը կնպաստի նաև կրկնահանցագործության նվազեցմանը: Պրոբացիայի ծառայության գործունեությունում կամավորների ակտիվ ներգրավմամբ հնարավոր կլինի որոշակի չափով լուծել պրոբացիայի ծառայության ոլորտում ֆինանսական միջոցների և կադրերի անբավարարության, ռեսուրսների ճիշտ տեղաբաշխմանն ու տնտեսմանը վերաբերող հարցերը: Գործադիրը հավանություն է տվել  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու վերաբերյալ քրեաիրավական դրույթները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին: Փոփոխություններով և լրացմամբ առաջարկվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործումը դիտարկել ոչ միայն շահադիտական դրդումներով կատարելու, այլև անձնական այլ շահագրգռվածության և խմբային շահերի հետ: Բացի այդ, առաջարկվում է խնդրո առարկա հանցակազմի գործողությունը տարածել նաև այն դեպքերի վրա, երբ իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործվել է ի շահ երրորդ անձանց: