Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը. ՀՔԱՎ զեկույց

Քաղաքականություն
hqav

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ իրավապահ մարմինների 2016 թ. գործունեությունը բնորոշող համաթվերը: Այն ներառում է ՀՀ իրավապահ մարմինների կամայականության և ՀՀ Ոստիկանության վստահության համաթվերը: Հետազոտությունն իրականացվում է արդեն երկրորդ անգամ, և զեկույցում համեմատական վերլուծություն է կատարվել 2015 և 2016 թթ. համաթվերի միջև: Իրավապահ մարմինների կամայականության համաթիվն արտացոլում է ոստիկանության, դատախազության և դատական մարմինների կամայական՝ օրենքով չսահմանված գործողություններից, հասարակության անպաշտպանվածության զգացումները: Այն ներառում է «Քաղաքացիների մտահոգվածության համաթիվը», «Անձնական մտահոգվածության համաթիվը» և «Անձնական պաշպանվածության համաթիվը»: Ոստիկանության վստահության համաթիվն արտացոլում է ոստիկանության հանդեպ վերաբերմունքի և վստահության, գործունեությունից գոհունակության, քաղաքացի-ոստիկան համագործակցության պատրաստակամության աստիճանի զգացումները: Համաթիվը կառուցված է երեք բաղադրիչների վրա՝ «Ոստիկանության գործունեության գնահատում», «Ոստիկանության հանդեպ վերաբերմունք» և «Ոստիկանության հետ համագործակցության պատրաստակամություն»: Համաթվերը ներկայացված են -100-ից 100 միջակայքում: Հարցված քաղաքացիների ընկալմամբ իրավապահ մարմինների կամայականության համաթիվը 2015-ի համեմատությամբ 2016-ին նվազել է 7 նիշով: Ըստ մարզերի՝ առավել մեծ չափով իրավական կամայականության համաթիվը նվազել է (այսինքն՝ ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ կամայականություններն աճել են) Լոռու, Արմավիրի և Արարատի մարզերում, և աճել է (ոստիկանական կամայականությունները նվազել են) Սյունիքի և Տավուշի մարզերում: Համաձայն 2016թ. իրականացված հետազոտության արդյունքների՝ իրավապահ մարմինների կամայականություններից առավել խոցելի են քաղաքային համայնքներում բնակվող, արական սեռի, 36-60 տարեկան տարիքային խմբի, ետբուհական կրթություն ունեցող, իրենց սոցիալապես անապահով ընկալող խմբի ներկայացուցիչները:  2015թ. արդյունքների համեմատ պատկերը  տարբերվում է միայն տարիքային (55 տարեկանից բարձր) և կրթական (թերի բարձրագույն, բարձրագույն և ետբուհական (գիտական աստիճան) բնութագրերով: 2016-ին ավելացել է իշխանության կողմից քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ոստիկանությունը  որպես միջոց կիրառելու վերաբերյալ  քաղաքացիների ընկալման մակարդակը: Համաձայն հարցվածների՝ իրավապահներն իրենց պարտավորություններն առավել պարտաճանաչ են կատարում հասարակության տնտեսապես ապահով հատվածի ներկայացուցիչների նկատմամբ: Ինչ վերաբերում է ոստիկանության հանդեպ վստահության համաթվին, ապա այն, չնայած նրան, որ գտնվում է դրական տիրույթում, այնուամենայնիվ 2015-ի համեմատությամբ կրկին նվազել է: Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ