Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս ընտրություններին ընտրողների թիվը կես միլիոնով պակաս կլինի (տեսանյութ)

Քաղաքականություն
media-3

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Արամ Մանուկյանն այսօր անդրադառնալով ԱԺ առաջիկա ընտրություններին՝ նշեց, որ շնորհիվ 4+4+4 ձեւաչափի` նոր ԸՕ-ում կատարված փոփոխությունների, այս ընտրություններին ընտրողների թիվը կես միլիոնով պակաս կլինի, քանի որ չեն քվեարկի նրանք, որոնք ՀՀ-ում չեն, սակայն նրանց փոխարեն քվեարկում էին.«Այս ընտրություններին հաղթող է լինելու անտարբերությունը. 60-70 տոկոսը թքած ունի ընտրությունների վրա»: «Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ այս իշխանությունների ձեռքին ինչ ԸՕ էլ դնես, եթե նրանք ուզում են կեղծել, ապա կանեն ու դրա նախանշանները արդեն կան. «Իշխանությունները այս տարիների ընթացքում ապօրինի ձեռք բերած հարստությունն ամեն ինչ անելու են, որ պահպանեն»։ ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանն ընդունեց, որ ամենամեծ պատասխանատվությունը իշխանությունների վրա է. «Նրանք, որոնք առաջ գումար էին բաժանում, ապա այսօր փորձում են բարեգործություն անել, ասենք` գյուղում ասֆալտ են անում, երեխայի վարձն են տալիս։ Կարծում եմ` դա նորմալ է. որ քաղաքական ուժն էլ նման հնարավորություն ունենա, կանի։ Ռեյտինգային կարգով առաջադրվածների մեջ կան ունեւորներ, թող անեն, սակայն չպետք է դա կապել կուսակցության քաղաքականության հետ»: Արամ Մանուկյանը նշեց, որ ուզում է պաշտպանել Լեռնիկ Ալեքսանյանին` ասելով, որ նա միակ ՀՀԿ-ականն է, որ հրապարակավ ասաց, որ տեղերում փող են բաժանում ու որտեղ ինքն է առաջադրված, ասել է, որ թույլ չի տա իր ընտրատարածքում գումար բաժանել։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Ստյոպա Սաֆարյանը կաշառք բաժանելու դեմ համագործակցության կոչ արեց` ասելով.«Եթե բոլորս դեմ ենք ընտրակաշառքին, ապա ստեղծենք վերկուսակցական մի մարմին, որը կփորձի կանխել ապաքաղաքական այդ գործիչների նման քայլերը։ Եթե դա ընդունելի է, ապա ընտրատեղամասերից դուրս կատարվողի վրա մենք կկարողանանք ունենալ վերահսկողություն»: Արայիկ Հարությունյանն իր հերթին հիշեցրեց, որ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որը այս ընթացքում երբեւիցե չի մոտեցել խոսափողին, այլ ընդհակառակը` ոչ նորմալ պահվածք է դրսեւորել, այսօր իր ընտրատեղամասում ահաբեկումներով է զբաղված. «Զարմանում եմ ՀՅԴ վրա, որ անգամ մեկ հայտարարությամբ հանդես չի եկել իշխանությունների նմանօրինակ քայլերի դեմ»։ ՀՅԴ կուսակցության անդամ Արտակ Սարգսյանը պարզաբանեց, որ իրենք ընդամենը իրենց գործն են կատարում ու խախտումների դեպքում ահազանգում։