Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր վարչապետին հրահանգ է տրված՝ չխոսել «Նաիրիտի» մասին». ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
action1

«Հիասթփվել եմ մեր պետության այրերից, որովհետև նրանք թուրքամետ քաղաքականություն են վարում»,- ասում է «Նաիրիտ»  գործարանի նախկին աշխատակից Նորիկ Ղահրամանյանն, ով ամեն հինգշաբթի իր բողոքի ձայնն է բարձրացնում կառավարության շենքի առաջ. «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր օժանդակությամբ և Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո նպատակ էր դրած, որ «Նաիրիտ» գործարանը քանդեն»,-ասաց նա՝ հավելելով, որ բոլորովին ակնկալիքներ չունի ներկա վարչապետ Կարեն Կարապետյանից. «Նոր վարչապետին հրահանգ է տրված, որ այդ հարցին չանդրադառնա, չխոսի՝ ինչքան ուզում է՝ գան կառավարական շենքի մոտ, բողոքեն, հայհոյեն:  Ինչ ուզում ես ասա՝ իրենց հեչ պետքները չէ»: Կառավարության շենքի առջև էին հավաքվել նաև մի շարք խաբված բնակիչներ, որոնց բնակարանները գերակա հանրային շահի անվան տակ քանդվել են, սակայն չեն փոխհատուցվել կամ փոխհատուցվել են մասամբ. «2006 թվականին Եկմալյան 4-16 հասցեի տները քանդվել են, մինչ օրս ոչ գումարն են տվել, ոչ էլ մարդկանց բնակարաններով ապահովել: Աղջիկս մնացել է դրսում, վարձով է ապրում: Ինչքա՞ն կարելի է վարձով ապրել: Գալիս ասում են՝ կարող ես էս մարդուն ընտրել, բայց ինչպե՞ս ընտրեմ նրան, ինչի՞ համար»,-մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից Անահիտ Պողոսյանը: Նրա խոսքով՝ դիմել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Միշտ ստացել են միևնույն պատասխանը՝  երբ հողակտորները կվաճառվեն, այդ ժամանակ էլ փոխհատուցում կստանաք. «Այդ տեղամասը գտնվում է 4 բարձրահարկ շենքերի արանքում, որտեղ շենք կառուցելու տեղ չկա: Գնորդները գալիս, նայում են, թողնում գնում»: Տերյան 18 հասցեի նախկին բնակչուհի Ժենյա Պողոսյանն էլ 2004 թվականից մինչ օրս ստացել է իրեն հասանելիք փոխհատուցման միայն մի մասը. «Մեր տները զոռով քանդեցին, ծեծելով, վախեցնելով հանեցին դուրս՝ չնչին գումարով: Իմ բնակարանի լիարժեք գումարը թող վերադարձնեն, որ տղայիս համար կարողանամ տուն առնեմ»,-ասաց նա՝ հավելելով, որ 350 հազար ԱՄՆ դոլարից իրեն վճարվել է միայն 117 հազար ԱՄՆ դոլար: «Այսինքն՝ 200 հազար ինձանից կերել են, բայց հիմա ես այդքան չեմ ուզում, թող տան այնքան, որ գոնե մեկ սենյակ առնեմ տղայիս համար»,-ասաց նա: Տիկին Պողոսյանը հույսը կապում է ընտրությունների հետ. «Ընտրություններից առաջ խոստանում են, որ մի բան կանեն, ինչպես «Այո/Ոչ»-ի ժամանակ քաղաքապետը խոստացավ, գնացինք սիրով ստորագրեցինք «այո»-ն, և մոռացան, որ մեզ խոստացել են: Հիմա էլ նույնը, էլի ընտրություններ են գալիս, գուցե սուտ խոստումներ տան, բայց դեռ որևէ մեկը մեզ չի ընդունել»: Մանրամասները՝ տեսանյութում