Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը համոզեց փոխոստիկանապետին վերացնել տույժերը (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-karapetyan

Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու եւ դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին նախագիծը: «Բոլոր ջանքերը միտված են լինելու բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ճանապարհային պատահարների թվի եւ հետևանքների նվազեցմանը, վարչական բեռի թեթևացմանը»,- նշեց Վարդան Եղիազարյանը: Վարչապետը խնդրեց ավելի մանրամասն ներկայացնել, թե  քաղաքացիների համար կոնկրետ ինչ է փոխվելու, փոխոստիկանապետը պարզաբանեց. «Նախ թեթեւացնում ենք վարչական բեռը: Բավական դյուրինացնում ենք էն բոլոր փողոցային երթեւեկության կանոնները, որտեղ դա հնարավոր է իրականացնել, տրանսպորտային հոսքերն ենք ավելի հստակ վերահսկում»: Կարեն Կարապետյանին ավելի շատ հետաքրքրեց վարչական բեռի  թեթեւացման կետը, Վարդան Եղիազարյանը կրկին մանրամասնեց. «Մասնավորապես, նախկին տուգանքների վրա, երբ 50 տոկոս տույժի ավելացում կար, դա նվազեցվում է երկու անգամ՝ 25 տոկոս է դառնում»: «Նվազեցնո՞ւմ ենք, թե՞ հանում ենք»,- հարցրեց վարչապետը: Վարդան Եղիազարյանը կրկնեց, որ նվազեցնում են: Վարչապետը պնդեց, որ քաղաքացիներն հետաքրքրում է հենց այն, որ տույժերը հանվում են: Փոխոստիկանապետը նորից կրկնեց, որ նվազեցնում են, ոչ թե հանում: Վարչապետը, սակայն, շարունակեց հարցադրումը. «Հիմա նվազեցնո՞ւմ եք, թե՞ հանում եք»: Վարդան Եղիազարյանը մի քանի վայրկյան լռելուց հետո ասաց. «Հա, հանում ենք, պարոն վարչապետ»: «Ոնց որ սրտով չեք հանում, ոնց որ ցանկանալով չեք հանում: Ոնց որ զոռով եք   բերել էս նախագիծը»,- հավելեց Կարեն Կարապետյանն ու ընդունեց նախագիծը: