Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիճակագրությունները չեն համընկնում. վարչապետը հստակեցում է պահանջում

Քաղաքականություն
karen-karapetyan-1

Կառավարության նիստում վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերում էր ապօրինի ջրօգտագործումներին: «Յուրաքանչյուր տարի կառավարության որոշմամբ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումներ են իրականացվում, ինչն իրականացվում է Սևան-Հրազդան միջազգային էներգետիկ կորպորացիայի համակարգով, որտեղ առկա են բավական ջրակորուստներ: Անցած տարիների ընթացքում այդ կորուստների կրճատման հարցը բազմիցս քննարկվել է, սակայն այս պահին դեռ կոնկրետ արդյունք չենք արձանագրել»,- նշեց  Կարեն Կարապետյանը  ու պատասխանատու  կառույցներին հանձնարարեց մինչեւ Սևանա լճից ջրբացթողումներն սկսելը, այդ համակարգից ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ: Եթե ոչ, ապա, ըստ վարչապետի, պետք է փակել ջրառի կետը: Վարչապետի մյուս հանձնարարականը վերաբերում էր  ոռոգման ջրերի տրամադրմանը. «Խոսքը նրա մասին է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեում մի վիճակագրություն է, համայնքներում եւ այլ ատյաններում՝ այլ: Ջրպետկոմի ամփոփած տվյալների համաձայն՝ փաստացի ոռոգվող հողատարածքները կազմում են կադաստրային ոռոգելի հողատարածքների շուրջ 47%-ը: Այդ թիվը համարում ենք անթույլատրելի»,- ասաց Կարեն Կարապետյանը եւ  գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահներին հանձնարարեց տասնօրյա ժամկետում կադաստրային եւ փաստացի ոռոգելի տարածքների առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքներում կատարել ուսումնասիրություն և ներկայացնել վերլուծություն դրա պատճառների վերաբերյալ: