Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

15-ամյա Դավիթ Մակյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր 

Սպորտ
unnamed-50-3

  Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների եւ մինչև 21 տարեկանների առաջնությունում Հայաստանի կարատեիստները նվաճել են մեկ բրոնզե մեդալ: «Մեր 15-ամյա կարատեիստ Դավիթ Մակյանը 70կգ քաշային կարգում առաջին մարտում չնայած պարտվեց թուրք մարզիկին, սակայն հետո հաղթեց բոլոր սփոփիչ մրցամարտերը եւ զբաղեցրեց 3-րդ տեղը: Սա լուրջ հաջողություն է, քանի որ այն հույս է ներշնչում հետագայում օլիմպիական ռեյտինգ հավաքելու համար», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը: Ինչպես նշեց հենց Դավիթ Մակյանը, ինքն առաջին մենամարտում պարտվել է աչառու մրցավարության պատճառով, քանի որ հաշիվը եղել է ոչ-ոքի՝ 0:0, սակայն մրցավարները նախապատվությունը տվել են թուրք մարզիկին: «Եթե մենք մրցավար ունենայինք առաջնությունում, ապա մեզ հետ այդպես չէին վարվի, քանի որ կվախենային մեր ներկայացուցչի պատասխան քայլից», - ասաց պատանի կարատեիստը: Խոսելով մեր կարատեիստների խնդիրների մասին, Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ շատ քիչ է պետական ֆինանսավորումը (տարեկան 2 մլն դրամ): «Հույս ունենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նույնպես կաջակցի մեր ֆեդերացիային, քանի որ օլիմպիական վարկանիշ հավաքելու համար հարկավոր է անցկացնել ուսհավաքներ, մասնակցել մեծ թվով վարկանիշային մրցաշարերի, իսկ դրանք, ինքնին, մեծ գումարներ են պահանջում», - եզրակացրեց Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: