Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանների պալատը դառնում է ինքնակառավարվող (տեսանյութ)

Քաղաքականություն
nist-1

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր մեկնարկեց «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը։ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ նոր Սահմանադրությամբ հստակեցվեց Փաստաբանների գործունեության ոլորտը, մասնավորապես տրվեցին կոնկրետ երաշխիքներ անկախության, իրավահավասարության, ինչպես նաեւ` պալատը դառնում է ինքնակառավարվող։ Նախագծով կարգավորվում է հանրային պաշտպանի գրասենյակը. հանրային պաշտպանը կարող է համագործակցել այն փաստաբանների, ՀԿ-երի հետ, որոնք կարող են անվճար իրավական օգնություն տրամադրել, սակայն այդ նպատակով չկա համակարգված մեխանիզմ. «Ամեն մարզում պետք է լինի հանրային պաշտպանի առնվազն մեկ գրասենյակ։ Այսօր աճող փաստաբանների թիվը հանգեցնում են նրան, որ Փաստաբանների պալատի` որպես ինքնակարգավորման մարմնի գործերը ծանրաբեռնվում են, մասնավորապես խորհրդինը։ Այդ նպատակով առաջարկվում է, որ Խորհրդի նիստերը իրականացվեն նաեւ հարցման հեռահար մեթոդով, դրանք վերաբերում են այն գործերին, որոնք փոքր ու կարճ են։ Ինչպես նաեւ` կարգապահական փոքր պատիժներով ամբողջ խորհրդին չծանրաբեռնեն, այլ Խորհրդի եռյակների միջոցով դա արվի։ Կարգապահական վարույթի ընթացակարգն է փոխվում. կվարձատրվեն կոնկրետ փաստաբաններ, որոնք կքննեն գործը` կատարելով, այսպես ասած, քննիչի գործը` հավաքելով նյութեր։ Խորհրդի կազմում կլինեն նաեւ պալատի աշխատակազմից 2 աշխատակից»: Նա նշեց նաեւ, որ փաստաբաններից մոտ 50 առաջարկ է ներկայացվել, որոնցից մի քանիսը չի ընդունվել։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ այսօր կա ընդամենը 55 հանրային պաշտպան, մինչդեռ քրեական ու քաղաքացիական գործերը գնալով ավելանում են. «Մենք ունենք բաց դռների օր, երբ քաղաքացիներին ընդունում ենք, շաբաթը մեկ օր անվճար իրավաբանական օգնություն տալիս։ Եթե պետությունը քայլ չարեց դաշտը կարգավորելու, ապա մենք ստիպված կլինենք հանրային պաշտպանների թիվը ավելացնել, հակառակ դեպքում տարեվերջին կմնանք կուտակված այդ գործերի տակ»:  Հանձնաժողովը որոշեց ԱԺ նիստերի օրակարգ ներկանացնել նախագծի լրամշակված տարբերակը, որպեսզի այս գումարման ԱԺ-ում հնարավոր լինի քննարկել ու ավարտին հասցնել նախագծի ընդունումը։